ՌԴ-ն շահագրգռված է տարածաշրջանը ականապատելու և կոնֆլիկտի կառավարման վահանակը բացառապես իր ձեռքում պահելու մեջ. Մեհրաբյան

Ռուսաստանն այսօր որքան էլ դե յուրե հանդիսանում է Հայաստանի դաշնակիցը, ըստ էության, ՀՀ-ի դաշնակիցը չէ, որովհետև եթե մենք ունենք նման դաշնակից, մեզ թշնամի այլևս պետք չէ:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ԱԳՆ-ի դիմաց ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են երաշխիքներ տրամադրել վերադառնալ ցանկացողներին: Նկատենք, որ այս հայտարարությունը հերքել են թե՛ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, թե՛ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«ՌԴ-ն իր այս քաղաքականությունը վարում է ՀՀ-ի դեմ տարվող հիբրիդային պատերազմի թշնամական գործողությունների տրամաբանության մեջ՝ գործակցելով Ադրբեջանի հետ: Ահա մենք տեսնում ենք այդ ամենի մարմնավորումը Լաչինի միջանցքում, մենք դա տեսանք մի քանի շաբաթ առաջ, երբ ռուսներն իրենց ուսին դրած ադրբեջանական դրոշ էին բերում դնում Հակարիի կամրջի հայկական կողմում և արժանացան կրակահերթի հայ զինվորականների կողմից»,- նշեց Մեհրաբյանը:

Ըստ նրա՝ ՀՀ ղեկավարությունը պետք է առաջանցիկ քայլեր անի՝ կրճատելու ՌԴ-ի հնարավորությունները Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու:

«Մասնավորապես նախևառաջ ՀՀ-ն պետք է դադարեցնի ռուսական ձևաչափերում, ռուսական նախաձեռնությունների շրջանակներում Ադրբեջանի հետ բանակցություններ վարել ռուսների մասնակցությամբ: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շահագրգռված չէ խաղաղության մեջ: ՌԴ-ն շահագրգռված է տարածաշրջանը ականապատելու և կոնֆլիկտի կառավարման վահանակը բացառապես իր ձեռքերում պահելու մեջ, որովհետև իր ներկայությունը տարածաշրջանում հավերժացնելու միակ տարբերակը դա է: Մոռացեք այլևս ռուսական հարթակը, չկա նման հարթակ»,- ընդգծեց Ռուբեն Մեհրաբյանը:

Վերջինս հիշեց՝ նայե՛ք Շուռնուխ գյուղում ինչ տեղի ունեցավ, դա ռուսներն են արել, և՛ Սև լճի պատմությունը, և՛ 2022 թվականի սեպտեմբերի ադրբեջանական ներխուժումը Հայաստան ցույց տվեց, թե ինչ են անում ռուսները. «Նրանք համագործակցում են Ադրբեջանի հետ, ուղղություն են ցույց տալիս դեպի մեր տարածք, որպեսզի նրանք ներխուժեն: Վերջերս էլ Տեղ գյուղում տեղի ունեցածը ցույց տվեց, թե ինչի համար են ռուսները: Իսկ դա նշանակում է, որ ռուսների առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի կառավարությունը պետք է այլևս համարի ավարտված»:

Քաղաքագետը նաև նշեց. «ՀՀ-ն, ելնելով իր ԶՈՒ պաշտպանունակության բարձրացման շահերից, պետք է անվավեր համարի բոլոր սահմանափակումները, որոնք թույլ կտան, որ ՀՀ-ն իր իսկ որոշմամբ իր տարածքում կկարողանա զորավարժություններ իրականացնել առանց համաձայնեցնելու դա ՀԱՊԿ կոչված թյուրիմացության հետ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ