«Եկեք այս մեծ աղետին առերեսվենք, եկեք բուժվենք…». Կարո Փայլանի գրառումը

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում անմոռուկի նկար է տարածել և կից գրառում կատարել:

«Հայոց ցեղասպանությունը 104 տարի առաջ այս օրը սկսվեց:

Նախ հայ մտավորականները, հետո հայ ժողովուրդն իր պատմական հողերից աքսորվեց, սպանվեց:

Անատոլիայի հայերը 104 տարի է՝ արդարության են սպասում:

Եկեք այս մեծ աղետին առերեսվենք, եկեք բուժվենք»,-գրել է նա:

Ավելի վաղ Կարո Փայլանն արձագանքել էր Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից երկրի կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող բանաձևի ընդունմանը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու մասին հրամանագրի ստորագրմանը:

«Հայոց ցեղասպանության հարցը պետք է հանել Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի խորհրդարանների օրակարգից և քննարկման առարկա դարձնել Թուրքիայի խորհրդարանում, երկրի, որտեղ տեղի է ունեցել այդ մեծ ոճրագործությունը: Թուրքիայի հայերն արդարության են սպասում արդեն 104 տարի»,- գրել էր Փայլանը Twitter-ի իր էջում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ