Վարչապետ Փաշինյանը տիկնոջ հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը երկրի բարձրագույն հոգևոր և աշխարհիկ ղեկավարության հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։

Այնուհետև վարչապետ Փաշինյանն ու տիկին Հակոբյանն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ՝ ծանոթացել «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան» խորագրով ցուցադրությանը ներկայացված ցուցանմուշներին:

Ցուցադրությունը նվիրված է հայ ժողովրդի մեծանուն մտավորականներ Կոմիտաս Վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններին:

Ցուցադրության նպատակը Հայոց ցեղասպանության պատմության հետ վերջիններիս ունեցած առնչությունների հանրահռչակումն է: Ցուցադրությունն ունի բովանդակային երկու հիմնական ուղղվածություն. մի կողմից լուսաբանվում են երկու մեծությունների բարեկամական ու ստեղծագործական առնչությունները, մյուս կողմից՝ առավել շեշտադրված՝ Հայոց ցեղասպանության ու դրա ծանր հետևանքների հետ ունեցած վերջիններիս անմիջական կապը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ