Ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում եւ իրագործման ներքին մեխանիզմներ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:
1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը:
Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:
Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի Սիրիական անապատ:
Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու համաճարակային հիվանդություններից:
Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: