Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Ռուսաստանի ԱԳՆ նողկալի հայտարարությունից պարզ է դառնում, որ Կրմելը գիտակցում է, որ հայ ժողովուրդն ու Արևմուտքը իրեն բռնացրել են մի քանի բանի մեջ: Մասնավորապես՝
—Արցախը սահուն, անխոչընդոտ Ադրբեջանին վերաինտեգրելու Մոսկվա-Բաքու գործարքի մեջ. դա բացահայտվեց անցած տարվա օգոստոսի սկզբին Լաչինի միջանցքի երթուղին միակողմանիորեն ու եռակողմ հայտարարության խախտումով փոխելու փաստով, որը տեղի չէր ունենա, եթե Մոսկվան չցանկանար,
—Ալիևի «էկոակտիվիստների» հետ համատեղ Շուշիի ստորոտում Գորիս-Ստեփանակերտ միակ ճանապարհը փակելու փաստով, որը չէր լինի, եթե ռուս խաղաղապահները չցանկանային, և որով սկսվեց Արցախը Հայաստանից ֆիզիկապես պոկելու ու Հայաստանի գործոնը Արցախում թուլացնելու, Արցախի ժողովրդի պաշարման սահող գործընթացը, որը չէր լինի, եթե Ռուսաստանը չցանկանար:
-Հենց այդ շրջանում էլ ռուս խաղաղապահների հրամանատարի կողմից բացվեց Լաչինի միջանցքում մինի-մաքսակետ տեղադրելու հարցը, որը իրականություն դարձավ ռուս խաղաղապահների քթի տակ ու անվտանգային հովանու ներքո Հայաստանի կառուցած նոր ճանապարհի վրա նախ ադրբեջանական անցակետը, ապա ընդհուպ Հայաստանի տարածքում Ադրբեջանի դրոշը դնելու տեսքով…
Ռուսաստանի ԱԳՆ գիտակցում է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը Արևմուտքին խաղացող է բերում Բաքու-Ստեփանակերտ առանցքում նրանց միջև դնելու համար, որը խոչընդոտելու է Արցախի լիակատար փոխանցումը բռնապետ Ալիևին… Այնպես չէ, որ արևմուտքը Արցախը նվիրելու է Հայաստանին, բայց այս պահին, երբ Հայաստանի գործոնն Արցախում չափազանց թուլացված է, այդ թվում՝ նրա դաշնակցի ջանքերով, միայն Արևմուտքը կարող է կանգնեցնել Արցախի սահող բռնազավթումը, որի համաձայնություն Կրեմլը տվել է անցած տարվա ամռանը հաստատապես ու որի ապացույցները վերը թվարկվածներն են…
Այսինքն՝ Հայաստանը չի կարող իրեն վերադարձնել Արցախը, բայց փորձում է կասեցնել դրա նվիրատվությունը Ալիևին, որին այս պահին միայն Արցախի ժողովուրդն է խանգարում, և դա էլ ավելի կբարդանա, եթե արանքում միջազգային ուժեր կանգնեն՝ պահանջելով Արցախի համար անվտանգության ու իրավունքների առավել լիակատար մեխանիզմներ՝ ըստ որում, միջազգայնորեն երաշխավորված…. Իսկ Ալիևը դա չի ցանկանում անել, որի մասին գիտեն Ռուսաստանում և առաջարկում են գալ Մոսկվայում պայմանագրով ավելի դյուրին ճանապարհով ստանալ Արցախը, դրա մեղքը բարդելով իբր Հայաստանի կողմից եռակողմ հայտարարությունից հեռանալու ու Արցախն Ադրբեջանի կազմում «ճանաչելու»քայլերի վրա….
Պատկերացնում ե՞ք ցինիզմի աստիճանը. եռակողմ պայմանագրի անտիր բոլոր կետերը խախտել են Բաքուն՝ Մոսկվայի համաձայնությամբ, կամ հենց Մոսկվան ինքը, ասում է՝ Հայաստանը հեռացել է այդ պայմանավորվածություններից… Երկրորդը, կարելի է հիշել Պուտինի, Լավրովի նախապատերազմյան ու հետպատերազմյա բազում հայտարարություններ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու, Արցախը Ադրբեջանինը համարելու մասին, բայց հնարավոր չէ եռակողմ հայտարարության մեջ գտնել մի կետ, որով Հայաստանը Արցախն Ադրբեջանինն է համարել, որ այժմ էլ դրանից հեռացած լինի… Լավրովի գրասենյակի տրամաբանութամբ՝ ասես թե այդ եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը պետք է բլոկադայի ենթարկեն Արցախին, բայց ոչ հակառակը՝ ապաշրջափակեն Արցախն ու Հայաստանը… Ասես թե այդ հայտարարության մեջ ռուսական պատասխանատվության գոտու փոխարեն գրված է հայկական պատասխանատվության գոտի, իսկ այժմ Հայաստանն է իր պատասխանատվության գոտին աստիճանաբար միախառնում ադրբեջանական դրոշի ու ներկայության հետ… Կառլ, Հայաստանն է հեռացել, հասկանում եք,-ասել է կիսահայ Լավրովի գրասենյակը…
Գիտակցելով, որ Արցախյան խնդրում Արևմուտքի ու միջազգային հանրության խառնվելը բավական բարդացնում է խաղն ու կանխում Արցախի սահուն փոխանցումը Ադրբեջանին, Հայաստանին էլ դրա հետ համակերպեցնելով, Մոսկվան փորձում է մեղքը բարդել Հայաստանի իշխանությունների վրա ու Ալիևին բաց հրավեր անում, որ Արցախն ինքն ավելի լավ պայմաններով կստանա, քանի որ, իրավացիորեն, Բրյուսելյան ու Վաշինգթոնյան հարթակներում կստանա, օրինակ, լայն իրավունքներով ու միջազգային երկարատև խաղաղպահ ներկայությամբ ինքավարություն, որի հետ իր ցանկացած երկխոսություն իրականացվելու է միջազգային խոշոր խաղացողների աչքի առաջ…
Իսկ իմ հայ ժողովրդին միայն կարելի է վշտակցել, որ ոչ միայն թշնամու, այլ նաև բարեկամի հարցում բախտներս չբերեց…
Մի խոսքով՝ տարածաշրջանային լարվածության աճ է սպասվում՝ որքան ինտենսիվանան արևմտյան ֆորմատները, վիճելի խնդիրների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումն ու իրականացումը /սահմանների դեմարկացիա, դելիմիտացիա, Հայաստանի տարածքում երկաթգծի ու ավտոմայրուղիների շինարարություն ԵՄ փողերով, հաղորդուղիների բացում առանց էքստրատերետորիալ միջանցքների, Արցախի սահուն անեքսիայի առնվազն կանգնեցում, և այլն/, նաև ներքին 5-րդ շարասյան ակտիվացման տեսքով մեծանում են ներքաղաքական ռիսկերը…
Եթե այս բոլոր ռիսկերի կառավարում, Արցախի ու Հայաստանի միջազգային անվտանգության երաշխավորում չի լինելու, ապա ոչինչի դիպչել պետք չէ…
Մնացածի մասին ավելի հանգամանորեն կխոսենք ուղիղ եթերում…