Այս էկզոտիկ գաղափարներին արդեն չգիտենք՝ ոնց վերաբերվենք. ՔՊ պատգամավորները՝ Օսկանյանի հայտարարությունների մասին

«ՀՀ-ն ունի ընտրված խորհրդարան, և խորհրդարանն էլ նշանակել է Կառավարություն, կա վարչապետ, որը բանակցում է, կա արտաքին գործեր նախարար, որը բանակցում է, կա դիվանագիտական կորպուս, որը բանակցում է»:

Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե քննարկվո՞ւմ է հարցը՝ Օսկանյանի առաջարկով փոխել բանակցությունների խոսույթը:

«Պարբերաբար առաջ եկող այս էկզոտիկ գաղափարներին ես չգիտեմ արդեն՝ ոնց վերաբերվեմ: 2020-21 թվականների ընթացքում դա հետևյալն էր՝ իշխանությունը տվեք մեզ առանց ընտրությունների, մենք կիմանանք՝ ինչ ենք անում, հիմա ավելի պրոֆեսիոնալ ծառայությունների մատուցում են առաջարկում: Ոչ, ՀՀ-ում նման ֆորմատներ չկան, կա Սահմանադրություն և սահմանադրական ֆորմատներ»,- հավելեց Խանդանյանը:

Պատգամավոր Տաթևիկ Գասպարյանն էլ ասաց, որ ուզում է խորհուրդ տալ պարոն Օսկանյանին:

«Հավատում եմ, որ բավականին անկեղծ մղումներով պարոն Օսկանյանը իր ողջ բանակցային փորձն ուզում է փոխանցել մեզ, բայց կարծում եմ՝ ավելի անկեղծ կլիներ և ավելի տեղին, եթե պարոն Օսկանյանը ոչ թե ասեր՝ գլխավոր բանակցողի պաշտոնը տվեք ինձ, ես 3 ամսում կփոխեմ բանակցային գործընթացի ողջ ուղղությունը, այլ եթե ունի խորհուրդներ, որոնք լեգիտիմ կարող են լինել, բաց է արտգործնախարարության, Կառավարության դռները, կարող էր մոտենալ, կամ մեյլ գրել, կամ ուղարկել իր առաջարկները մեր պաշտոնյաներին»,- ասաց Տաթևիկ Գասպարյանը:

Պատգամավորը ևս մեկ նկատառում արեց. «Պարոն Օսկանյանը բացում է փակագծերը, ասում՝ ես խնդրում եմ, որպեսզի պարոն Փաշինյանը բանակցային գործընթաց մտցնի ինքնավար մարզի գաղափարը: Ուզում եմ հստակեցնի ինքնավար մարզ ո՞ր պետության շրջանակներում, որովհետև պարոն Օսկանյանը զուգահեռաբար ստորագրում է «Հայաքվե» նախագիծը, որ, Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում, քրեականացնում է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ