Ալիևը ստիպված է լինելու կա՛մ բացել միջանցքը, կա՛մ կրակել անզեն մարդկանց վրա, որը կտեսնի ողջ աշխարհը. Դավիթ Ստեփանյան

Այսօր Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի իշխանությունները հանրահավաք էին կազմակերպել՝ պնդելով, որ վիճակն օրհասական է դառնում։ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն իր ելույթում ասաց, որ խաղաղ ու աննահանջ պայքար են սկսելու, որը միայն այս օրով չի սահմանափակվելու, այլ լինելու է տևական։ Ապա կոչով դիմեց միջազգային հանրությանը, Ռուսաստանի Դաշնությանն ու Հայաստանի իշխանություններին. «Ես հիմա հարց եմ ուզում ուղղել միջազգային հանրությանը, Հայաստանի Հանրապետությանն ու Ռուսաստանի Դաշնությանը՝ ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչի՞ն եք սպասում: Ուզում եք այս հրապարակում մենք մարդկանց դիակնե՞ր ունենանք, որ արձագանքեք: Ուզում եք օրեր առաջ մեր երկրում մանկահասակների մահվան դեպքի կրկնություննե՞ր լինեն, որ խելքի գաք: Եվ ես ձեր բոլորի անունից ասում եմ՝ բավական է: Արդեն երրորդ տարին է՝ արցախցին համբերատար կրում է ամենատարբեր բնույթի տառապանքներ: Ամեն օր մեր մայրերն ու քույրերն իրենց արցունքները թաքցնելով նայում են իրենց երեխաների աչքերին և, պատասխանատվության տակ խեղդվելով, ընտրություն անում և ամեն անգամ անվերապահորեն ընտրում հայրենիքը, մեր Արցախը:

Մենք ուշիուշով հետևում ենք աշխարհի այս կամ այն կետում կազմակերպվող հանդիպումների արդյունքներին: Հետևում ենք, թե ինչպես են միմյանցից խլում այս կամ այն քննարկման հարթակը, նախաձեռնությունների պայքար տանում, միջնորդական ջանքերի մարտեր վարում: Հետևում ենք, բայց ո՛չ արդյունքն ենք տեսնում, ո՛չ ազդեցությունն զգում, իսկ երբ այդ հանդիպումներում հանկարծ առաջանում են տարաձայնություններ, անհամաձայնություններ, և հարկ է լինում որևէ մեկի վրա ճնշում գործադրել, ապա մուրճի ողջ հարվածն իջնում է արցախցու գլխին: Եվ նորից ձեր բոլորի անունից ուզում եմ գոռալ՝ մենք արդեն հասել ենք համբերության եզրագծին և այլևս զրկանքների հաշվին ի վիճակի չենք ձեզ ընձեռելու քաղաքական մանևրեր կատարելու հնարավորություններ»:

Օրեր առաջ էլ «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբն» էր ակցիաներ իրականացնում։ Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը վաղուց էր առաջարկել ԼՂ-ում ակցիաներ սկսել, որին պետք է արձագանքեին նաև ՀՀ-ից, և այդ ամենը ուղեկցվեր լայն լուսաբանմամբ։ Փորձեցինք Ստեփանյանից ճշտել իր դիրքորոշումը անցկացված ակցիաների վերաբերյալ, նաև կարծիք իմանալ, թե Ստեփանակերտի հաջորդ քայլերը որո՞նք պետք է լինեն։ Առաջ անցնելով նշենք, որ Արցախից որևէ պաշտոնական աղբյուրի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել:

Ըստ Դավիթ Ստեփանյանի՝ արված քայլերը չեն կարող բավարար լինել այնքան ժամանակ, մինչև չհասնեն տրամաբանական արդյունքի։ Այսինքն՝ պետք է հավաքված ժողովուրդը հասնի գլխավոր հասցեատիրոջը, որը գտնվում է Հակարիի կամրջի մոտ: «Հասցեատերը ադրբեջանցիներն են, որոնք փակել են միջանցքը։ Մասնակիցների և կազմակերպիչների մոտ այդ վճռականությունը նկատվում է՝ երթով շարժվել դեպի Լաչինի միջանցք։ Երբ ասում եմ կազմակերպիչներ, նկատի ունեմ ոչ թե Արցախի իշխանություններին, այլ «Լաչինի միջանցքի ապաշրջափակման շտաբը»։ Հույս ունեմ, որ կգնան, որովհետև եթե նրանք դա չանեն, այս ամբողջ իրենց շարժումը անիմաստ կլինի և կարող է ժողովրդի մոտ բերել հիասթափության։ Հույս ունեմ, որ կգնան, եթե խանգարողներ չլինեն։ Խանգարողներ կան նաև Արցախի իշխանության միջից։ Ես չեմ հասկանում այսօրվա՝ Դավիթ Բաբայանի հրավիրած միտինգի իմաստը։ Որքանով հասկանում եմ, մարդիկ որոշել են ժողովրդին հերթական անգամ տանել ռուս խաղաղապահների մոտ, և դա այն դեպքում, որ այդտեղ որևէ բան չի որոշվում։ Խաղաղապահների հրամանատարության հետ ապաշրջափակման շտաբի կողմից հանդիպում տեղի ունեցել է, և պարզ է դարձել, որ Լենցովը սպասում է հրամանների վերևից, իսկ վերևից նման հրամաններ չկան։ Որքան գիտեմ, խաղաղապահները համաձայնել են ժողովրդին ուղեկցել մինչև Հակարիի կամուրջ, այսինքն՝ անվտանգությունն ապահովել. դա էլ է կարևոր»,- ասաց քաղաքագետը։
Ըստ նրա՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակում կարող է լինել միայն մի դեպքում՝ եթե արցախցիները գնան Հակարիի կամրջի մոտ և պահանջ ներկայացնեն բացել Լաչինի միջանցքը։

«Ալիևն ի՞նչ էր ասում, ասում էր՝ ես կարող եմ խոսել ղարաբաղցիների հետ դեմ առ դեմ։ Մարդիկ թող գնան էնտեղ կանգնեն, ասեն՝ մենք եկել ենք, արի խոսի, տեսնենք՝ ինչ ես ասում, կարո՞ղ ես բացատրել՝ ինչո՞ւ ես միջանցքը փակել»,- ասաց Դավիթ Ստեփանյանը։
Արդյոք պետնախարարի այն հայտարարությունը, որ իրենք տևական պայքար են սկսել, որը աննահանջ է լինելու, նշանակո՞ւմ է, որ կարող են երթով գնալ նաև Հակարիի կամուրջ՝ Դավիթ Ստեփանյանն ասաց, որ չգիտի, թե պետնախարարի այդ հայտարարությունը ինչ էր նշանակում, սակայն պարզ է, որ պետք է տևական պայքար լինի։

«Ալիևին շատ դժվար է լինելու բացատրել՝ առաջին հերթին արցախցիներին, որոնց նա համարում է իր քաղաքացիները, և հետո միջազգային հանրությանը, աշխարհին, թե ինչո՞ւ նա չի բացում այդ միջանցքը, երբ մարդիկ հայտնվեն այնտեղ։ Պարզ է, որ եթե արցախցիները լուռ են, ոչ ոք չի կարող նրանց տեղը պայքարել։ Ես ուրախ եմ, որ վերջապես հասկացել են, որ իրենք պետք է պայքարեն։ Ես մեկ բանում եմ վստահ՝ եթե իրենք պայքարեն, աշխարհը կկանգնի նրանց կողքը։ Եթե դա արվի գրագետ, բաց, ունենա շատ լուրջ ինֆորմացիոն աջակցություն»,- ասաց Ստեփանյանը։

Քաղաքագետը նաև նշեց, որ լուրջ չի վերաբերվում հանրահավաքներում հնչող մեսիջներին, քանի որ բազմաթիվ մեսիջներ են հղվել այս ընթացքում, և որևէ արձագանք չի եղել։ Ստեփանյանը հիշեցրեց Հաագայի դատարանի որոշումը, որն ամենալուրջ մեսիջն էր, որն այդպես էլ որևէ ազդեցություն չունեցավ։ «Պետք են հստակ գործողություններ, ոչ թե հայտարարություններ։ Տրամաբանական ավարտ է պետք, որը երթն է, խաղաղ երթը դեպի Հակարիի կամուրջ։ Ադրբեջանական ակտիվիստները ո՞նց էին եկել կանգնել։ Իրենք փողով էին եկել, էս մարդկանց փող տալ պետք չէ, էս մարդիկ գոյաբանական խնդրի առջև են։ Պետք է գան կանգնեն այնքան ժամանակ, մինչև կամուրջը բացվի»,- ասաց Դավիթ Ստեփանյանը։

Քաղաքագետը չցանկացավ մեկնաբանել խոսակցությունները, թե Արցախի իշխանությունների կազմակերպած ակցիան ում դեմ էր, ինչի դեմ կամ հանուն ինչի էր։ «Կարող եմ վստահ ասել, որ կա գոյաբանական վտանգ արցախցիների համար։ Այդ մարդիկ կանգնած են մահվան առաջ։ Երկու օր առաջ երկու երեխա մահացավ Արցախում։ Մահացավ ալիևյան գործողությունների հետևանքով։ Եթե բլոկադան չլիներ, այդ երեխաները չէին մահանա։ Արցախցիները այս ամենը տեսնում և հասկանում են, և ես հույս ունեմ, որ իրենք եկել են ճիշտ եզրահանգումների։ Դա առաջին հերթին ուղղված է կողմ արցախցիներին։ Սա արցախցիների համար միակ ճանապարհն է՝ դուրս գալու այս իրավիճակից»,- ասաց Ստեփանյանը։

Քաղաքագետը վստահ է, որ «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբ»-ի ակցիան միայն ամրապնդելու է ՀՀ վարչապետի դիրքերը բանակցություններում։ «Եթե դու չես գնում խաղաղ միջոցներով խնդրի հանգուցալուծմանը, ապա Արցախում սկսվում է շատ լուրջ շարժում, որի հետևանքով դու ստանում ես անելանելի վիճակ, երբ դու կա՛մ ստիպված ես բացել միջանցքը, կա՛մ կամերաների առջև ստիպված ես լինում կրակել անզեն մարդկանց վրա, և աշխարհը կտեսնի դա»,- ասաց Ստեփանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ