Ես ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել. ԼՂ ՄԻՊ

«Արցախի՝ 7 ամիս շարունակվող շրջափակումը հասել է օրհասական կետի, երբ այլևս լրջագույնս վտանգված է 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների կյանքը, երբ այլևս մի ողջ ժողովրդի գլխին կախված են գոյաբանական սպառնալիքներ, որոնք անհերքելի են և ընդգծված»:

Այս մասին այսօր Ստեփանակերտում ընթացող համաժողովրդական հավաքի ժամանակ ասաց ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Գտնվելով շրջափակման մեջ և հունիսի 15-ից ամբողջությամբ կտրվելով հումանիտար հասանելիությունից՝ մեր ժողովուրդը կանգնել է թերսնուցման, սովի, Ադրբեջանի կողմից անթաքույց իրականացվող էթնիկ զտման, բռնի հպատակեցման և ցեղասպանության իրական և անհերքելի սպառնալիքի ներքո։ Իրավիճակի մասին երկար չեմ խոսի, որովհետև խոսել եմ 7 ամիս շարունակ, ահազանգել եմ բոլոր բոլորին, խոսել շատերի հետ, անդադար՝ ամեն հանդիպման ժամանակ զրուցակիցներիցս ակնկալելով հարգանք մեր ժողովրդի իրավունքների նկատմամբ, հարգանք մեր ժողովրդի կյանքի և սեփական հայրենիքում խաղաղ ապրելու իրավունքի նկատմամբ։ Ակնկալել եմ կարեկցանք, ըմբռնում այն ամենի, ինչ կատարվում է մեզ հետ։ Խոսել եմ խնդրանքով, խոսել եմ ցասումով։ Այսօր արդեն ահազանգի կոչնակը հնչեցնելու հերթական պահն է, որն այսօր այստեղ հավաքվելով՝ բոլորս միասին պետք է անենք»,- ասաց նա։

Այնուհետև նա դիմեց միջազգային հանրության բոլոր դերակատարներին, այդ թվում՝ ՌԴ խաղաղապահներին․ «Ասում եք՝ մարդու իրավունքնե՞ր։ Ուրեմն ասեք ինձ՝ ես ինչպե՞ս նայեմ այս ժողովրդի աչքերին և ասեմ, որ իրենք էլ ունեն իրավունքներ։ Ես ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել։ Ես ինչպե՞ս նայեմ այն մայրերի աչքերին, որոնց օրվա ամենամեծ երազանքը իրենց երեխայի համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է։ Ես ինչպե՞ս նայեմ հերթերում կանգնած հազարավոր մարդկանց աչքերին, որոնք ժամերով հերթ են կանգնում մի բուռ շաքարավազ կամ ձեթ ստանալու համար։

Մեզ խաղաղություն էր խոստացվել։ Խաղաղությունն ամենօրյա տեղեկագրերում հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրումը չէ։ Խաղաղությունն ամենօրյա հաց հայթայթելով՝ ֆիզիկական գոյություն քարշ տալը չէ։ Խաղաղությունը սեփական հայրենիքում պատանդառված և ամեն ինչից զրկված լինելը չէ։ Խաղաղությունն ամեն օր հոգեբանական հարձակումների և մեր վրա թափվող անորոշությունները չեն։ Տեր կանգնեք ձեր մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն, ապահովելու բարեկեցիկ կյանք, որ խոստացել եք մեր ժողովրդին ամենաբարձր մակարդակով»,- ընդգծեց նա։

Շարունակելով խոսքը՝ Ստեփանյանը դիմեց Հայաստանում ապրող հայրենակիցներին՝ ընդգծելով, որ Արցախը յուրաքանչյուր հայի համար բացառիկ արժեք և սրբություն է․ «31 տարի առաջ Արցախում ապրող հայը կանգնեց մի պարզագույն ցանկությամբ՝ միանալու Մայր հայրենիքին։ Այդ ցանկությունը վաղեմության ժամկետ չունի, դա սրբագույն երազանք ու նպատակ է, որ պետք է իրականություն դառնա։ Ինչպես միշտ, այս անգամ էլ կանգնեք ի պաշտպանություն Արցախի, մենակ մի թողեք Արցախում ապրող հային իր այդ սրբագույն երազանքի հետ»։

ՄԻ պաշտպանը նկատեց, որ եթե աշխարհի շատ ժողովուրդների պետությունն ու պետականությունը մատուցվել է սկուտեղի վրա, ապա ԼՂ-ն վաստակել է իր ինքնորոշման իրավունքը։

«Արցախն ապրելու է, Արցախը հարատևելու է՝ ի հեճուկս բոլոր չկամների ու թշնամիների և ի փառս համայն հայության»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ