Ցեմենտի ներմուծման արգելքը երկարացվեց ևս 6 ամսով. այն կգործի մինչև 2024 թվականի հունվարի 17-ը

Այսօր Կառավարության նիստում հաստատվեց Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգի և լիցենզիայի ձևի մասին որոշումը:

Նախագծի ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և ներմուծող ու տեղական արտադրողների հետ հավասար մրցակցային դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ:

Հարցը ներառված էր չզեկուցվող հարցերի փաթեթում, հիմնավորման մեջ ասվում է.

«Իրավական կարգավորումների արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։ Մասնավորապես՝ 2022 թվականի 2-րդ կիսամյակում Հայաստանում արտադրվել է 578 հազ. տոննա ցեմենտ, ինչը 15.7%-ով գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Իսկ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին արտադրվել է 145.9 տոննա ցեմենտ, ինչը 46%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2022-2023թթ. աճել են նաև ցեմենտի և կլինկերի ներմուծման ցուցանիշները, ինչը վկայում է, որ պետական տուրքի առկայությամբ երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտը մրցունակ է տեղում արտադրվող արտադրանքի հետ:

Այսպես, 2022 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին (երբ գործել են ցեմենտի ներմուծման սահմանափակումները) ներմուծվել է 107.4 հազար տոննա ցեմենտ և կլինկեր, ինչը 77.2%-ով գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին ներմուծվել է 25 հազար տոննա ցեմենտ և կլինկեր, ինչը 80.9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ կիրառվող սահմանափակումների ժամկետը լրանում է 2023 թվականի հուլիսի 16-ին՝ առաջարկվում է լիցենզիայի տրամադրման գործընթացը առաջարկվող կարգավորումներով սահմանել ևս մեկ անգամ վեց ամիս ժամկետով՝ հուլիսի 17-ից մինչև 2024 թվականի հունվարի 17-ը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ