«Բանակցություններն ունեն երկու կողմ, միջնորդը չի կարող որևէ կողմից առաջարկվող մոտեցումը կատեգորիկ մերժել». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անտրամաբանական կլիներ, եթե բանակցային հարթակ ներկայացնող և կազմակերպող կողմը, տվյալ դեպքում ԱՄՆ դեսպանը, լրագրողի հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, պատասխաներ. «Ոչ, դա բացարձակ անհնարին է»։ Բանակցությունները ունեն երկու կողմ, միջնորդը չի կարող որևէ կողմից առաջարկվող մոտեցումը կատեգորիկ մերժել։ Սա գաղտնիք չէ ոչ միայն բանակցային գործընթացով զբաղվողների, այլև չինացի էլեկտրիկների և Արկտիկայի պինգվինների համար։

ԼՂ կարգավիճակը բանակցության թեմա է եղել արցախյան շարժման առաջին օրից ու բանակցային թեմա է նաև հիմա, ինչքան էլ Ադրբեջանը փորձի հակադրվել ու խնդիրը պահել ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությամբ կնքված պայմանավորվածության դաշտում, միևնույն է՝ քաղաքակիրթ աշխարհը պարտադրելու է Ադրբեջանին բանակցել Արցախի ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻ և ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ խնդրով։ Աշխարհասփյուռ հայությունն էլ իր խնդիրը պետք է համարի Արցախի հարցը պահել ԱՄՆ, Ֆրանսիա, ԵՄ, ՄԱԿ հարթակներում և ուշադրության կենտրոնում։

«ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում, այլ աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և կապահովի հիմքեր խաղաղության համար»՝ սա ԱՄՆ դեսպանի մեկնաբանությունն է, իր պատասխանը երրորդ երկրին դուր գալու նպատակով նենգափոխողներին։ ՌԴ հույսով ազատագրված տարածքները և Արցախը հայկական պահողները, եթե Լավրովի պլանի, 44-օրյա պատերազմի, Պուտինի` Արցախը Ադրբեջանի մաս լինելու հայտարարությունից հետո հետևություն չարեցին, կամ ունակ չեն, կամ շահեկան չէ։

ԱՄՆ դեսպանը հստակ ասել է, որ Արցախի կարգավիճակի որոշողը ԱՄՆ-ը չէ, կարգավիճակը Ստեփանակերտի և Բաքվի բանակցությունների արդյունքով է որոշվելու, որն էլ թե ԱՄՆ-ը, թե Ֆրանսիան տեսնում են միջազգային ձևաչափով և կանոններով։ Այո, Ադրբեջանը դիմադրում է, օգտվելով նաև Կրեմլի ու անգամ զախարովաների աջակցությունից, բայց Ադրբեջանը դիմադրում է նաև ԱՄՆ-ին, ԵՄ-ին, ԵԽԽՎ-ին, ՄԱԿ-ին և ՄԱԿ-ի միջազգային դատարանին, ու այդ դիմադրությունը երկար չի տևելու։ Մեզ ճիշտ դիրքավորվել է պետք և իրավիճակը ինչքան ծանր է Արցախի համար հիմա, այնքան բարեհաջող կարող է լինել։
Աստված օրհնի Հայաստանը, Արցախը և աշխարհասփյուռ հայությանը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ