Հայաստան համահայկական հիմնադրամ, ստեղծվել է 1992 թ.-ին։ Հիմնադրամի նպատակը Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքային խնդիրների լուծումն է՝ համայն հայության դրամական նվիրատվությունները համախմբելու միջոցով։ Նպատակն իրագործելու համար Հիմնադրամը 1996 թ.-ից ի վեր իրականացնում է տարատեսակ միջոցառումներ (ամենամյա հեռախոսամարաթոններ, հեռուստամարաթոններ, հեծանվարշավներ, ցուցահանդեսներ և այլն…)։
Հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմազան ծրագրեր Հայաստանում և Արցախում։ 2013 թ.-ի տվյալներով Հիմնադրամի իրագործած ծրագրերը գերազանցում են 235 միլիոն ԱՄՆ դոլարի սահմանը։
Հիմնադրամի ծրագրերն ի կատար է ածում Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը՝ Հոգաբարձուների խորհուրդը, որի նախագահն ի պաշտոնե ՀՀ նախագահն է։ Հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ են մտնում ՀՀ, Արցախի և սփյուռքի մի շարք կարևոր պետական, քաղաքական գործիչներ, բարերարներ և այլք։
Հիմնադրամի աշխատանքներն աշխարհի տարբեր երկրներում կանոնակարգվում են 25 տեղական մարմինների միջոցով։ Հիմնադրամն իր գոյության ընթացքում իրագործել է այնպիսի կարևոր ծրագրեր, ինչպիսիք են ճանապարհների, ջրազտման և ջրամատակարարման համակարգերի, բնական գազատարների կառուցումը («Գորիս- Ստեփանակերտ», Արցախում՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղիները և այլն)։