Նիկոլ Փաշինյանը փաստացի հատուկ անդրադարձ արեց Ֆրանսիայի դիրքորոշումներին, ինչո՞վ է սա ուշագրավ. Բադալյան

Կառավարության հուլիսի 6-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի հատուկ անդրադարձ է արել Ֆրանսիայի դիրքորոշումներին և դրանց դեմ Ադրբեջանի քարոզչությանը՝ խոսելով, որ Հայաստանը պետք է շնորհակալություն հայտնի Ֆրանսիային իրավիճակի վերաբերյալ հստակ դիրքորոշումների համար: Ինչո՞վ է ուշագրավ այս անդրադարձը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ու շարունակել.

«Այն ուշագրավ է օրեր առաջ՝ վաշինգտոնյան ռաունդին զուգահեռ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի անունից՝ Ֆրանսիայի ՀՅԴ կառույցի խողովակով տարածված հայտնի տեղեկության համապատկերում:

Ինչպես նկատել էի այդ առնչությամբ գրառումով, առաջին հայացքից՝ Հայաստանի վարչապետին Մակրոնի «անունից» հասցվող հարվածը, թե ինքը հաճախ շատ ավելի կոշտ է Բաքվի հետ, քան Փաշինյանը, խորքային առումով իրականում աջակցություն էր Հայաստանին՝ վաշինգտոնյան բարդ բանակցությանը զուգահեռ: Իհարկե, աջակցություն ոչ «մարդասիրական օգնության» տրամաբանությամբ, այլ առաջին հերթին Ֆրանսիայի շահի պաշտպանության:

Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի անդրադարձը փաստացի հաստատում է գնահատականս, որ պետք է իրերին նայել հնարավորինս լայն, և խորքային առումով՝ Ֆրանսիայից տարածված տեղեկությունը օժանդակ գործոն էր Հայաստանի համար»:

Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ադրբեջանը ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի նկատմամբ, որի թե՛ պաշտոնական, թե՛ հանրային հարթակներում հնչում են հասցեական գնահատականներ և ահազանգեր Ադրբեջանի կողմից ԼՂ հայության դեմ իրագործվող ապօրինի քայլերի մասին։

«Ֆրանսիայի դեմ ուղղված քարոզչությունը այլ երկրների կողմից ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամին հասցեական հնարավոր գնահատականները կանխելն է։ ՀՀ-ը, իր հերթին շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային, պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որ ավելի շատ երկրներ ու միջազգային կազմակերպություններ հասցեական գնահատականներով հանդես գան ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ»,- ընդգծել էր ՀՀ վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ