Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևը համալրելու համար կուսակցությանը դիմել են տասնյակ երիտասարդներ։ Այսօր կուսակցության գրասենյակում նրանց ողջունեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Յուրաքանչյուր ոք, ով անդամագրվում է որևէ կուսակցության, նշանակում է՝ պատրաստ է ակտիվ մասնակցելու քաղաքական գործընթացներին։ Ձեզ բոլորին հաջողություն եմ մաղթում և ցանկանում եմ, որ այս շենքը, որտեղ տեղակայված է ՀՀԿ-ի ղեկավար մարմինը, ձեզ համար մշտապես լինի ցանկալի վայր։ Ես կցանկանայի, որ դուք ունենայիք հստակ քաղաքացիական կեցվածք»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Խոսքի ավարտին, երբ Սերժ Սարգսյանը դիմեց ներկաներին և հարցրեց, թե իրեն ի՞նչ հարց ունեն, երիտասարդ աղջիկներից մեկն ասաց. «Վերադարձեք»:
Լրագրողի հարցին, թե մեկ տարվա ընթացքում ի՞նչ փոփոխություններ է նկատում Հայաստանում, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ բազմիցս ասել է՝ կգա ժամանակ, և բոլոր հարցերին կպատասխանի: «Երբ ժամանակը գա, բազում հարցերի կպատասխանեմ»,- եզրափակեց Ս. Սարգսյանը։
Հանդիպման ավարտին երիտասարդները նկարվեցին Սերժ Սարգսյանի հետ։
Երիտասարդներից մեկն էլ Սերժ Սարգսյանից խնդրեց սելֆի անել` նշելով, թե սա նոր սերնդի լուսանկար է, Սերժ Սարգսյանն էլ կատակեց. «Ես մի քիչ այս մոդայից հետ եմ ընկել»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում