«Փետրվարին ԱՀ ԱԺ նախագահին առաջարկել ենք հեռավար նիստ անցկացնել, այդպես էլ չզանգեցին»․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է․

«ԼՂ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտարարել է, որ ես իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ չեմ կապնվել:

Տեղեկացնեմ, որ այս տեղեկությունը բացարձակ սուտ է: Շրջափակումից հետո ես ու ԼՂ ԱԺ նախագահ մեկ անգամ չէ, որ շփվել ենք, բազմիցս զրուցել ենք: Շրջափակումից հետո, նաև բազմաթիվ շփումներ են եղել ԼՂ նախագահ՝ Արայիկ Հարությունյանի հետ։

Նշեմ նաև, որ դեռևս փետրվարին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին առաջարկել ենք միջխորհրդարանական հանձնաժողովի հեռավար նիստ անցկացնել: Արցախի ԱԺ նախագահը խնդրեց հետաձգել՝ պատճառաբանելով իր առողջական խնդիրը, և խոստացան զանգել, որ պայմանավորվենք նիստի անցկացման համար:

Այդպես էլ չզանգեցին:

Վերոնշյալ պատգամավորին առաջարկում եմ զերծ մնալ խոհանոցային մակարդակի խոսակցություններն օրակարգ բերելուց, հերքել իր կողմից տարածած սուտը և սեպ չխրել մեր հարաբերությունների մեջ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ