«Սրանից 20 տարի առաջ երեխային 5 հարկանի հայհոյանք էին սովորեցնում». վարչապետ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան և հանդիպում ունեցել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և անդրադարձել, մասնավորապես, տնտեսական հեղափոխության տեսլականին:

«Ուզում եմ մի քանի պարամետրերով շեշտադրել, թե ինչ ենք նկատի ունենում մենք տնտեսական հեղափոխություն ասելով՝ արդյունքի առումով և մեթոդի առումով: Մենք արդեն հայտարարել ենք՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության տեսլականը հետևյալն է, որ Հայաստանը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի, և տեխնոլոգիական ոլորտը, տեխնոլոգիաները պետք է դառնան Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը:

Եթե փորձենք այս ձևակերպումն ավելի կոնկրետացնել արդյունքի առումով, ես կարող եմ ընդգծել, որ մեր պատկերացումը հետևյալն է, որ 10 տարվա արդյունքով Հայաստանի 10 կամ 20 ամենախոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունները՝ ի տարբերություն այսօրվա, երբ ամենախոշոր հարկատուներն այն ընկերություններն են, որոնք կամ գործում են բնական կամ ոչ այնքան բնական մենաշնորհի տիրույթում կամ հանքարդյունաբերական ոլորտում», — ասել է կառավարության ղեկավարը: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որպես տնտեսության լոկոմոտիվ, շարժիչ ուժ նկատի են առնվում ինչպես փափուկ (soft), այնպես էլ կոշտ (hard) տեխնոլոգիաները:

տեսանյութը՝ NEWS.AM

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ