Վարորդական քննության ժամանակ ո՞վ կարող է լինել մեքենայում, քանի՞ րոպե է տրվում գործնական քննության համար

Կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշմամբ սահմանված են վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականի ձևը և նկարագիրը, միջազգային վարորդական վկայականի ձևը և նկարագիրը։

Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման կարգի 4-րդ մասի 24-35-րդ կետերով սահմանված են գործնական քննության ընդունման ընդհանուր պայմանները։ Այսպիսով․

24. Տեսական քննությունը դրական հանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում գործնական քննությունը դրական չհանձնելու դեպքում տեսական քննության արդյունքը համարվում է ուժը կորցրած, և անձը սույն կարգով սահմանված կարգով կրկին պետք է հանձնի տեսական քննությունը:

25. Գործնական քննությանը մասնակցելու համար անձը քննական մարմին պետք է ներկայացնի ցանկի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը (ցանկը՝ վերջում), իսկ`

1) «D» կարգի և «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննությանը մասնակցելու համար` նաև ցանկի 6-րդ կետով նախատեսված փաստաթղթերը.

2) «BE», «CE», «DE» կարգերի և «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննությանը մասնակցելու համար` նաև ցանկի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:

26. «BE», «CE», «DE» կարգերի և «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննությանը մասնակցելու համար սույն կարգի 25-րդ կետով նախատեսված փաստաթղթերի առկայությունն ստուգվելուց հետո տվյալները մուտքագրվում են համակարգիչ, և, անձի տվյալները սույն կարգի 7-րդ կետով նախատեսված ցանկերում առկա չլինելու, ինչպես նաև նրա մոտ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում, անձը նկարահանվում է համակարգչային տեխնիկայի միջոցով:

27. Գործնական քննության ժամանակ ստուգվում է վարորդի թեկնածուի գործնական վարման հմտությունն ու վարքագիծն այն կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցներով, որոնք վարելու համար տրվելու է վարորդական վկայական՝ բացառությամբ սույն կարգի 31-րդ կետով սահմանված դեպքերի:

28. Գործնական քննության անցկացման գործընթացը ենթակա է տեսաձայնագրման համապատասխան սարքավորումների միջոցով, որոնք տեղադրվում են գործնական քննության անցկացման համար նախատեսված տրանսպորտային միջոցներում և (կամ) դրանց վրա (բացառությամբ կցորդի):

29. Գործնական քննության անցկացման համար նախատեսված տրանսպորտային միջոցը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ուսումնական տրանսպորտային միջոցի համար սահմանված պահանջներին:

30. Ըստ տրանսպորտային միջոցների կարգերի ու ենթակարգերի` գործնական քննություններն ընդունվում են մեխանիկական փոխհաղորդակով կամ անձի ցանկությամբ ավտոմատ փոխհաղորդակով տրանսպորտային միջոցներով, որի վերաբերյալ վարորդական վկայականում կատարվում է համապատասխան նշում: Նման նշում պարունակող վկայականները վավերական են միայն ավտոմատ փոխհաղորդակով տրանսպորտային միջոցներ վարելու համար:

Գործնական քննություններն ընդունվում են հետևյալ տրանսպորտային միջոցներով`

1) «AM» ենթակարգ` մոպեդով և դրանց համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող քվադրիցիկլներով.

2) «A1» ենթակարգ` երկանիվ թեթև մոտոցիկլով՝ մինչև 125 սմ խորանարդ աշխատանքային ծավալով և ոչ ավելի, քան 11 ԿՎտ (կամ 15 ձիաուժ) առավելագույն հզորությամբ շարժիչով մոտոցիկլ.

3) «A» կարգ` երկանիվ մոտոցիկլով՝ բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետում նշված մոտոցիկլների.

4) «B1» ենթակարգ` տրիցիկլներով և քվադրիցիկլներով.

5) «B» կարգ` թեթև մարդատար ավտոմոբիլով կամ մինչև 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով.

6) «C1» ենթակարգ` 3500 կգ-ից մինչև 7500 կգ ներառյալ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով.

7) «C» կարգ` 7500 կգ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով.

8) «D1» ենթակարգ` բացի վարորդի նստատեղից՝ ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոբուսով.

9) «D» կարգ` բացի վարորդի նստատեղից՝ ավելի քան 16 նստատեղ ունեցող ավտոբուսով.

10) «BE» կարգ` սույն կետի 5-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով.

11) «C1E» ենթակարգ` սույն կետի 6-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով.

12) «CE» կարգ` սույն կետի 7-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով.

13) «D1E» ենթակարգ` սույն կետի 8-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով.

14) «DE» կարգ` սույն կետի 9-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով կամ համակցված ավտոբուսով:

31. Միաժամանակ`

1) «B» և «C» կարգերի կամ «C» կարգի և «B1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում գործնական քննությունն ընդունվում է «C» կարգի տրանսպորտային միջոցով.

2) «B» կարգի և «C1» ենթակարգի կամ «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում գործնական քննությունն ընդունվում է «C1» ենթակարգի տրանսպորտային միջոցով.

3) «BE» և «CE» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում գործնական քննությունն ընդունվում է «CE» կարգի տրանսպորտային միջոցով.

4) «BE» կարգի և «C1E» ենթակարգի կամ «B1» և «C1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում գործնական քննությունն ընդունվում է «C1E» ենթակարգի տրանսպորտային միջոցով:

32. «T» կարգի տրանսպորտային միջոց վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննությունն անցկացվում է տրոլեյբուս շահագործող կազմակերպությունների կողմից, որի արդյունքների մասին տեղեկանքը ներկայացվում է քննական մարմին:

33. Գործնական քննությունը դրական չհանձնած անձը, սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետում, ներկայացնելով սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերը` կարող է կրկին մասնակցել գործնական քննությանը բացասական հանձնված քննության օրվանից ոչ շուտ, քան 7 օր անց, իսկ երկրորդ փորձը դրական չհանձնելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ գործնական քննությանը կարող է մասնակցել բացասական հանձնված վերջին քննության օրվանից ոչ շուտ, քան մեկ ամիս անց։

34. «A» կարգի, «AM» և «A1» ենթակարգերի տրանսպորտային միջոցի վարորդի թեկնածուն պետք է կարողանա կատարել «A» կարգի, «AM» և «A1» ենթակարգերի տրանսպորտային միջոցով գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության (N 1 ձև) մեջ նշված գործողությունները:

35. «A» կարգի, «AM» և «A1» ենթակարգերի տրանսպորտային միջոցով քննությունը համարվում է դրական հանձնված, եթե «A» կարգի, «AM» և «A1» ենթակարգերի տրանսպորտային միջոցով գործնական քննության քննական թերթիկում նախատեսված գործողություններից առնվազն 13-ը վարորդի թեկնածուի կողմից կատարվել են ճիշտ:

Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության ընդունման կարգը սահմանված է որոշման 6-րդ մասով՝ 46-56-րդ կետերով։

46. Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննությունն անցկացվում է գործնական վարման ուսուցում իրականացնելու համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից չարգելված ճանապարհներին:

47. Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության երթուղու երկարությունը պետք է կազմի 1,5-4 կմ և պետք է հնարավորություն տա քննություն ընդունողին տալու ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության (N 3 ձև) մեջ նշված գործողությունները կատարելու հանձնարարականներ:

48. Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության ժամանակ քննություն ընդունողը պետք է գտնվի տրանսպորտային միջոցի ներսում, բացառությամբ «A» կարգի և «AM», «A1», «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներով քննություն ընդունելու դեպքերի:

49. Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության ժամանակ տրանսպորտային միջոցի ներսում կարող է գտնվել նաև վարորդի թեկնածուի մեկ ներկայացուցիչ` առանց քննությանը միջամտելու իրավունքի (եթե տրանսպորտային միջոցի կառուցվածքը տալիս է այդպիսի հնարավորություն):

50. Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննությունը հանձնելու համար տրվում է 25 րոպե ժամանակ «B» և «BE» կարգերի համար, իսկ ավտոդրոմի կամ ավտոհրապարակի բացակայության դեպքում՝ նաև «A» կարգի, «AM», «A1» և «B1» ենթակարգերի համար և 45 րոպե ժամանակ՝ «C», «D», «CE», «DE» կարգերի և «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակարգերի համար։ Այդ ժամանակի մեջ չպետք է հաշվարկվի վարորդի թեկնածուներին ընդունելու, տրանսպորտային միջոցը նախապատրաստելու, ճանապարհի անվտանգության հետ կապված տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը զննելու, հատուկ մանևրներ կատարելու և գործնական քննության արդյունքները հայտարարելու ժամանակը։

51. Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննությունը դադարեցվում է մինչև սույն կարգի 50-րդ կետով սահմանված ժամանակը լրանալը՝ անմիջապես, եթե քննություն հանձնողը թույլ է տալիս ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության որևէ խախտում: Այս դեպքում գործնական քննության արդյունքը համարվում է բացասական:

52. Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննությունը համարվում է դրական հանձնված, եթե քննության ընթացքում պահանջվող գործողություններից առնվազն 10-ը վարորդի թեկնածուի կողմից կատարվել են ճիշտ:

53. Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության ընթացքում քննություն ընդունողը վարորդի թեկնածուի կողմից կատարված գործողությունների արդյունքները նշում է ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ:

54. Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության ավարտից հետո քննություն ընդունողը ստորագրում է ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը և վարորդի թեկնածուին տեղեկացնում է քննությունը դրական կամ բացասական հանձնելու մասին: Անձի ցանկությամբ քննության արդյունքների վերաբերյալ կարող է տրվել արձանագրության՝ կնիքով հաստատված օրինակ:

55. Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության ավարտից հետո անձին վերադարձվում են ցանկի 1-ին, 2-րդ, 3-րդ (ցանկի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը` «ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառերով դրոշմակնքվելուց հետո) և 5-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, իսկ եթե գործնական քննության արդյունքը եղել է բացասական, նաև՝ ցանկի 6-րդ կետով նախատեսված փաստաթուղթը:

56. Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննությունը դրական հանձնելու դեպքում ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կցվում է անձի` վարորդական վկայական ստանալու գործին:

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

1. Անձը հաստատող փաստաթուղթ հետևյալ կարգով՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիր կամ նույնականացման քարտ (բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չլինելու դեպքում անձին վարորդական վկայական չի տրամադրվում, բացառությամբ ժամկետային ծառայության զինծառայողների, որոնց դեպքում վարորդական վկայականը տրամադրվում է ըստ նրանց՝ բնակչության պետական ռեգիստրում առկա վերջին հաշվառման վայրի) կամ զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ կամ ժամանակավոր վկայական.

2) օտարերկրյա քաղաքացիների համար` օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ (միջազգայնորեն ճանաչված) և Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր.

3) քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր.

4) փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ.

5) ապաստան հայցողի համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայական,

6) ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար` ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր ապաստանի վկայական):

2. Քննություն ընդունելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր:

3. Գործնական քննություն ընդունելու համար օրենքով սահմանված ծառայության վճարի վճարման անդորրագիր:

4. Վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր:

5. Վարորդական վկայական ստանալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուսուցում իրականացնող կազմակերպության (այդ թվում` ռազմաուսումնական հաստատության) կողմից տրված վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ (որը պարունակում է ուսուցում իրականացնող կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն, պետական գրանցման և (կամ) հարկ վճարողի հաշվեհամարը, վարորդական դասընթացների մասնակցի անձնական տվյալները, ինչպես նաև այն հաստատելու իրավասու անձի ստորագրությունը և կազմակերպության կնիքը)` բացառությամբ «A», «B» և «C» կարգերի ու «AM», «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքերի, որոնց համար նշված ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվում։

6. Վարորդական վկայական (նոր կարգերի (ենթակարգերի) տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալու որակավորման քննություններին մասնակցելու, վարորդական վկայականի փոխանակման կամ միջազգային վարորդական վկայական ստանալու դեպքում):

7. Վարորդական վկայական ստանալու համար հիմք հանդիսացած փաստաթուղթ (այլ երկրներում ստացած վարորդական վկայականների կորստյան դեպքում կրկնօրինակ տալու համար):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ