Հանդիսավորությամբ նշվել է Անի համայնքի օրը

Հունիսի 9-ին  հանդիսավորությամբ նշվել է Անի համայնքի օրը։

Տոնական միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ, Ազգային ժողովի պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, բարձրաստիճան պաշտոնատար այլ անձինք, հյուրեր, համայնքի բնակիչներ:

Տոնական օրվա առթիվ շնորհավորելով անեցիներին ՝ Շիրակի մարզպետը նշել է, որ լիահույս է` համայնքի խնդիրներին համատեղ ջանքերով լուծում կգտնեն. «Աշխարհի ամենաթանկ կապիտալը մարդկային ռեսուրսն է, ինչով հարուստ է Անին։ Մեր կառավարության ուշադրության կենտրոնում են բոլոր համայնքներն ու բնակավայրերը և կառավարություն-համայնք համագործակցության լավագույն միջոց համարվող սուբվենցիոն, ինչպես նաև առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերով բազմաթիվ հիմնահարցեր են լուծվում, վստահ եմ՝ այդ և այլ ծրագրերով Անիում ևս զարկ է տրվելու ճանապարհաշինությանը, դպրոցների և նախակրթարանների, համայնքային այլ հաստատությունների վերանորոգմանն ու բազմաթիվ այլ հոգսերի թեթևացմանը։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ապրում ու արարում են Անիի հանդեպ պարտքի գիտակցումով, Անին առավել գեղեցիկ ու զարգացած համայնք դարձնելու ցանկությամբ»:

Ամենադժվար պահերին համայնքի կողքին լինելու, աջակցելու, անեցու ապագային հավատալու, գաղափարների իրագործմանը նպաստելու համար` Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի կողմից պարգևատրվել է ոսկե հուշամեդալով։

Հուշամեդալներով, շնորհակալագրերով են պարգևատրվել նաև Անի համայնքի զարգացման ու շենացման համար ներդրում ունեցող բարերարներ, մտավորականներ, մանկավարժներ, բժիշկներ, շինարարներ, արվեստագետներ։

Մինչ այդ հյուրերը շրջել են Անի համայնքի բոլոր բնակավայրերը ներկայացնող տաղավարներում, ճանաչողական այս փառատոնին ծանոթացել են ժողովրդական արվեստի, ազգային խոհանոցի ամենահետաքրքիր ավանդույթներին, ճաշակել ազգային ուտեստներ, կազմակերպվել են փոքրիկ խաղեր, պարային համարներ, հնչել է տոնական երաժշտություն։

Անիի օրվան նվիրված միջոցառումներն ավարտվել են տոնական համերգային ծրագրով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ