ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու միջադեպից հետո «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գարիկ Գալեյանը սպառնացել էր Աշոտ Փաշինյանին՝ ասելով հետևյալը. «Հիմա փոշմանում եմ, որ իրականից չեմ վրաերթել, բայց հուսով եմ, որ էլի կհանդիպի, հաստատ կիրականանա վրաերթը»:
Վերջինս «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդն էր, որը երբ դեպքի օրը Աշոտ Փաշինյանը դուրս էր նետվել Գայանե Հակոբյանի մեքենայից, իր մեքենան վարել էր նրա ուղղությամբ՝ հարվածելով Փաշինյանին։
Civic.am-ը Գալեյանի հայտարարության հետ կապված հարցում էր ուղարկել ՀՀ Քննչական կոմիտե, որին այսօր պատասխանել են, որ համացանցում հրապարակված Գարիկ Գալեյանի կողմից կատարված «Մեքենայի վարորդը ես եմ եղել, Աշոտիկին վրաերթի չեմ ենթարկել, բայց հիմա փոշմանում եմ, որ չեմ վրաերթել…» հայտարարության փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ այսօր Աշոտ Փաշինյանը հայտնել էր, որ վրաերթի մասով այս պահին գործը շարունակվում է, և այս գործն անջատվել է առևանգման փորձի ընդհանուր վարույթից։