Ոստիկանությունը պետք է որոշում կայացնի ամուսնու սպառնալիքներից կնոջը պաշտպանելու ուղղությամբ. իրավապաշտպանը՝ աղմկահարույց տեսանյութի մասին

Սոցիալական ցանցերում տարածվել են երկու տղա երեխաների լուսանկարներ, որոնք որոնվում են որպես անհետ կորածներ, սակայն նրանց մայրը՝ Լիանա Մարգարյանը, երեկ՝ հունիսի 8-ին, տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ ինքն ու որդիներն անհետ կորած չեն, և իրենց որևէ մեկը չի առևանգել, պարզապես ստիպված է չբացահայտել իր և երեխաների գտնվելու վայրը՝ անվտանգությունից ելնելով։
Լիանա Մարգարյանի խոսքով՝ 2020թ. մարտին իր ամուսինը՝ այդ ժամանակ ոստիկանության աշխատող Գոռ Տեր-Եսայանը, գտնվելով ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ, կրակահերթ է արձակել՝ սպանելով իր հորը հենց իր աչքի առաջ։ Սակայն ոստիկանության 6-րդ վարչության աշխատող Գոռ Տեր-Եսայանը չի կալանավորվել, տեղափոխվել է Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, որտեղ երկու տարի բուժում ստանալուց հետո դուրս է գրվել։ Կնոջ խոսքով՝ երկու դատաբժշկական եզրակացություն է տրամադրվել, ըստ որոնց՝ նա անմեղսունակ է ճանաչվել, մինչդեռ երրորդ դատաբժշկական եզրակացությամբ հաստատվել է, որ Գոռ Տեր-Եսայանը մեղսունակ է։ Լիանա Մարգարյանի դիտարկմամբ՝ ամուսինը փորձել է հոգեպես անառողջ ձևանալ պատժից խուսափելու համար։ Ըստ կնոջ խոսքի՝ ամուսինը, գտնվելով ազատության մեջ, շարունակում է սպառնալ իր մորը, քրոջը, տատիկին։

Նշենք, որ ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ Գոռ Տեր-Եսայանը դիմել է դատարան՝ ամուսնալուծության, երեխաների հետ տեսակցության կարգ սահմանելու և համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքն առանձնացնելու պահանջով։ Դատավոր Լիլիթ Սարգսյանը բավարարել է հայցը՝ սահմանելով երեխաների համար տեսակցության ժամեր և օրեր, ինչպես նաև որպես հայցի ապահովման միջոց՝ արգելանք է կիրառել Լիանա Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ։

Լիանա Մարգարյանի խոսքով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հետախուզում է հայտարարել իր նկատմամբ։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը Civic.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նշված պատմությանը, ընդգծեց, որ կինը իրենց շահառուն չէ, բայց իրենց շահառուների շրջանում բավական շատ են դեպքերը, երբ ամուսինը ուժային կառույցի ներկայացուցիչ է, և կինը բազում տարիներ ապրում է սպառնալիքների տակ, այնուհետև դիմում է «Ընդդեմ կանանց նկատմամբ» կոալիցիա՝ ապաստարանի համար. «Սակայն այդ տղամարդկանց ազատումը դատական գործընթացներից հանգեցնում է նրան, որ իրենք անպատժելի են իրենց զգում։ Միաժամանակ նաև իրենց ամրակցված զենքերով սպառնում են կանանց, և քիչ չեն նաև թմրանյութի օգտագործման հավաստիացումները։ Լիանան միակը չէ, որ նման իրավիճակում է հայտնվել, մենք մեր շահառուների շրջանում ունենում ենք նման դեպքեր»։

Իրավապաշտպանի խոսքով՝ երեխաների խնամքի և տեսակցության հարցերում ևս բավական խնդիրներ են լինում, երբ հաշվի չի առնվում ընտանեկան բռնության դեպքը, որ կինը հենց բռնության պատճառով է ամուսնալուծվել, և իր երեխան դրա ականատեսն է եղել:

«Դատարանի կողմից հաշվի չի առնվում նաև ամուսնու՝ թմրանյութերից կախվածությունը, նույնիսկ հորը երեխայի հետ գիշերակացով հանդիպումների հնարավորություն են տալիս, որի դեպքում վերահսկողությունից դուրս է գտնվում երեխան։ Դատարաններում չունենք այն երեխայակենտրոն մոտեցումը, որի պարագայում դատարանները հաշվի առնեն այս հանգամանքները հենց երեխայի լավագույն շահից ելնելով»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանը նշեց նաև, որ լինում են իրավիճակներ, երբ ամուսինները երեխաներին տեսակցելուց հետո նրանց տանում և չեն վերադարձնում մորը, թեպետ դատական որոշմամբ՝ մշտական բնակության վայրը սահմանված է լինում մոր բնակության վայրը. «Եվ երեխաների վրա հոգեբանական ճնշում գործադրելով՝ տրամադրում են մոր դեմ, և երբ դատական հարկադիր կատարման մարմինները գնում են, որպեսզի երեխաներին վերադարձնեն մշտական բնակության վայր՝ արդեն սկսվում է մի իրավիճակ, որ ձևակերպվում է, թե երեխաները չեն ուզում մոր հետ շփվել կամ ապրել նույն տանիքի տակ»։

Զարուհի Հովհաննիսյանի մեկնաբանմամբ՝ եթե բոլոր հանգամանքները, որոնք տեսանյութում նշվում են, իրական են, ապա պետք է հստակորեն պարզ դառնա Լիանա Մարգարյանի ամուսնու հոգեկան առողջության վիճակն այս պահի դրությամբ՝ վտանգի թեստ-գնահատում կատարվի, և երեխաների հետ տեսակցությունները կատարվեն մասնագետների ներկայությամբ։

Մեր զրուցակիցը այս խնդրի լուծում է համարում պատկան կառույցների կողմից Լիանա Մարգարյանին ու երեխաներին հուսալի պաշտպանության տրամադրումը. «Եղել է նախադեպ՝ սպանության ելքով, կան սպառնալիքներ, ուստի ոստիկանությունը պետք է որոշում կայացնի կնոջը պաշտպանելու ուղղությամբ և այս պահին սահմանափակի բռնարարի շփումը թե երեխաների, թե երեխաների մոր հետ։ Ոստիկանությունն ու դատարանն ունեն այդ հնարավորությունը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ