ՀՀ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, առևանգած Գայանե Հակոբյանն ընդունել է իր մեղքը:
Այս մասին այսօր դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբյանի հանրային պաշտպանը:
Վերջինս նաև նշեց՝ քանի որ արագացված դատաքննության կարգի կիրառմամբ է եղել նիստը, որեւէ փաստական հանգամանք մեկնաբանել չի կարող:
«Արագացված հետազոտությունը նշանակում է, որ ապացույցները չեն հետազոտվում, որ հնչեցվում է մեղադրական եզրակացությունը, որի հետ կապված ամբաստանյալը կամ մեղադրյալը իր դիրքորոշումն է հայտնում՝ համաձա՞յն է, թե՞ համաձայն չէ, եւ արագացված դատավարություն է իրականացվում առանց ապացույցների հետազոտման: Առանց Գայանեի համաձայնության՝ արագացված դատաքննություն չէր կարող կիրառվել»,- ասաց նա:
Ասվածը ենթադրո՞ւմ է մեղքի ընդունում, հարցին պաշտպանը պատասխանեց. «Իհարկե»:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, առևանգելու համար Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 4 տարի ազատազրկման։ Դատարանը, սակայն, պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ նշանակելով մեկ տարի փորձաշրջան՝ երկրից չբացակայելու պայմանով։
Վճռի հրապարակումից հետո Աշոտ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Գոհ եմ, որ իրավական գնահատական տրվեց միջադեպին և կարծում եմ, որ դա շատ կարևոր է՝ անկախ, թե ում է վերաբերում միջադեպը, ինչ միջադեպ է: Նաև գոհ եմ, որ արդարադատության համակարգը և ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը այս մասնավոր հանցանքի դեպքում շատ խիստ չէ Գայանե Հակոբյանի նկատմամբ»: