Լիազորված չենք ներկայացնել նրա դիրքորոշումը:
Այս մասին այսօր դատարանի բակում հայտարարեցին Աշոտ Փաշինյանի առևանգման համար մեղադրվող Գայանե Հակոբյանի պաշտպանները՝ արձագանքելով հարցին, թե ինչո՞ւ է նա հրաժարվել պաշտպաններից:
Լրագրողների դիտարկմանը՝ մնում է ենթադրել, որ Գայանե Հակոբյանը ընդունել է մեղադրանքը, նրանք արձագանքեցին. «Միգուցե ձեր ենթադրությունները ճիշտ են, բայց մենք դա չենք կարող ասել»:
Վերջիններս հայտնեցին, որ փոփոխություն կա նաև Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ, որոնց մասին չեն կարող խոսել:
Փաստաբանների խոսքով՝ խափանման միջոցի փոփոխման հարցում իրենց և Աշոտ Փաշինյանի դիրքորոշումը համընկնում է: Լրագրողների դիտարկմանը՝ նշանակում է՝ Աշոտ Փաշինյանն էլ է կարծում, որ Գայանե Հակոբյանը պետք է ազատության մեջ գտնվի, արձագանքեցին. «Ամեն դեպքում, համընկնում է: Մեր դիրքորոշումը համընկնում է խափանման միջոցի վերաբերյալ»:
Փաստաբանները նաև նշեցին, որ իրենց համար անսպասելի էր, որ այսօր դատարանը միանձնյա որոշում է կայացրել դատական նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ: Ըստ նրանց՝ տիկին Գայանեն դրան համաձայնել է:
Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանի առևանգման համար մեղադրվող Գայանե Հակոբյանը հրաժարվել է պաշտպաններից, նրան կտրամադրվի հանրային պաշտպան: