«Ռուսաստանը կշարունակի սատարել հայ-ադրբեջանական գործընթացին». Գալուզին

Ռուսական կողմը կշարունակի եռակողմ համաձայնություններին համապատասխան հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման և խաղաղ պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքեր գործադրել, ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ «Ռոսիա-24» ռուսական հեռուստակայանին։

Գալուզինը միանգամայն բնական և տրամաբանական է համարել այն, որ Բաքուն և Երևանն ուղիղ են քննարկում խաղաղության պայմանագրի տեքստը:

«Հենց դրան է ուղղված մեր աջակցությունը, այդ թվում՝ վիճելի պահերի վերաբերյալ հավասարակշռված, ինչպես Բաքվին, այնպես էլ Երևանին ձեռնտու փոխզիջումային հանգուցալուծումներ գտնելու հարցում։ Այս թեմայով Մոսկվայում կայացած բանակցությունները թույլ տվեցին բարելավել կողմերի միջև փոխըմբռնումը, մոտեցնել դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ։ Այսուհետ ևս այդ նպատակով համապարփակ աջակցություն կցուցաբերենք Բաքվին և Երևանին։ Հույս ունենք, որ նման կանոնավոր շփումները թույլ կտան հասնել վերջնական խաղաղ պայմանավորվածությունների»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական կարգավորման միակ ճանապարհային քարտեզը 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությունն է:

Գալուզինն ընդգծել է, որ խաղաղության պայմանագրից բացի, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքները ներառում են այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու հանրային շփումների զարգացման միջոցով վստահության ամրապնդումը:

Անդրադառնալով Կովկասում Միացյալ Նահանգների վարած քաղաքականությանը՝ Միխայիլ Գալուզինն ասել է, որ «Վաշինգտոնն ամենուր փորձում է հասնել նույն նպատակին՝ դուրս մղել Ռուսաստանը և նեոգաղութատիրական կարգով իրեն ենթարկել Ռուսաստանի գործընկերներ և դաշնակիցներ հանդիսացող անկախ երկրները, խոչընդոտել բարեկամների և հարևանների հետ Ռուսաստանի գործընկերությունը և դաշինքը»:

Նա ասել է նաև, թե Ռուսաստանը դեմ չէ, որ այլ պետություններ նպաստեն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, «բայց ոչ թե խոսքով, այլ գործով» և «Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հիմնարար պայմանավորվածություններին համապատասխան»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ