ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, անդրադառնալով կապի ապաշրջափակման տարածաշրջանային հանձնաժողովի եռակողմ հանդիպման արդյունքներին, ասել է, որ որևէ մեկը կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը։
«Հիմնականում տեքստը պատրաստվածության բարձր մակարդակի վրա է, կան երկու-երեք անհամապատասխանություններ, որոնք դեռ լրացուցիչ քննարկում են պահանջում։
Հիմնարար կետը աշխարհագրական հատվածն է, որով անցնելու է երկաթգիծը։ Մենք այս մասին հայտարարել ենք, պայմանավորվել, թե ինչպես է իրականացվելու բեռի մաքսային հսկողությունը»,- ասել է նա։
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ սա սովորական երկաթուղի է լինելու, սովորական սահման՝ անձնագրային, սահմանային ու մաքսային հսկողությամբ։
Հարցին, թե քննարկվե՞լ է ԱԴԾ-ի սպաների հնարավոր մասնակցության հարցը վերահսկողության և անվտանգության առումով, Օվերչուկը պատասխանել է, որ դա կախված է Հայաստանի Հանրապետությունից։ Նրա խոսքով՝ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ բանակցությունները տեւել են 9 ժամ։