Աշոտ Փաշինյանը փոխել է դիրքորոշումը` համաձայնելով Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքի հետ կապ չունեցող խափանման միջոց կիրառելուն․ փաստաբանները չեն հերքում, որ Հակոբյանը ընդունել է մեղքը

Քիչ առաջ դատարանի նիստերի դահլիճից դուրս գալով՝ Գայանե Հակոբյանի պաշտպանները հայտարարեցին, որ տիկին Հակոբյանը հրաժարվել է իրենց ծառայություններից։ Պաշտպանները նշեցին, որ պատճառը իրենց և վստահորդի դիրքորոշումների տարբերությունն է եղել։

Պաշտպանները տեղեկացրին նաև, որ խափանման միջոցը փոխելու հետ կապված միջնորդություն են ներկայացրել։ Այժմ պետք է հանրային պաշտպան ներգրավվի, որից հետո տեղի կունենա միջնորդության քննությունը։

«Մենք արդարացման հիմքով պետք է շարունակեինք պաշտպանությունը, սակայն տիկին Գայանեն այլ կարծիքի է»,- ասացին պաշտպանները։

Պաշտպանները չպատասխանեցին` արդյոք Գայանե Հակոբյանն ընդունե՞լ է Աշոտ Փաշինյանին առևանգելու մեղադրանքն ու արագացված դատաքննություն պահանջել։ Նշեցին, որ այդ հարցերին կկարողանա պատասխանել Հակոբյանը, եթե այսօր փոխվի խափանման միջոցը։

«Եթե պաշտպանները արդարացման հիմքով նիստը շարունակելու դիրքորոշում են հայտնել, իսկ Գայանե Հակոբյանը այլ կարծիքի է եղել, նշանակում է՝ ընդունում է մեղքը և համաձայնել է արագացված դատավարության»,- լրագրողների այս դիտարկմանը պաշտպանները պատասխանեցին, որ իրենք չեն կարող այդպիսի բան նշել, և որ այդ մասին կարող է հայտնել նոր պաշտպանը։

Պաշտպանները նաև նշեցին, որ Աշոտ Փաշինյանը ևս փոխել է իր դիրքորոշումը խափանման միջոցի հետ կապված և համաձայնել կալանքի հետ կապ չունեցող խափանման միջոց կիրառելուն։

Դատարանը կես ժամ ընդմիջում է հայտարարել՝ մինչև նոր պաշտպանի ներգրավումը, որից հետո կշարունակվի խափանման միջոցի քննությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ