Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 8-ին հյուրընկալել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի 22 երեխայի և մասնագետների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից՝ պաշտպանը երեխաներին ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը, իրավասությունների շրջանակը, ինչպես նաև քննարկել երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։
Երեխաներին տեղեկացվել է Մարդու իրավունքների պաշտպանի շուրջօրյա գործող թեժ գիծ ծառայության և Պաշտպանին դիմելու մյուս բոլոր հնարավոր տարբերակների մասին, որոնց միջոցով նրանք կարող են բարձրաձայնել իրենց հանդիպող խնդիրները։
Երեխաները հնարավորություն են ունեցել Անահիտ Մանասյանին ուղղել բազմաթիվ հարցեր՝ երեխա-ուսուցիչ փոխհարաբերությունների, կրթություն ստանալու, կարծիք հայտնելու, բռնության դեպքերի, բուլինգի դրսևորումների, ինչպես նաև իրենց իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ թեմաների վերաբերյալ։