Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի մի խումբ աշխատակիցներ «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն են փոխանցել հոդված, որտեղ ներկայացրել են բուհի ուսումնագիտական հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի հետ կապված իրենց դժգոհությունները: Այն ներկայացնում ենք՝ ստորև.
«Արդեն 6 ամսից ավելի է, ինչ է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսումնագիտական հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը բոլոր հնարավոր հարթակներից կուրծք ծեծելով բողոքում է կառավարության, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի և այլոց կողմից կատարված «ապօրինություններից»: Ասում են՝ «Գողն առաջինն է գոռում, որ գողություն է կատարվել»:
Ս.թ. մարտի 15-ին համալսարանի ժամանակավոր խորհրդի կողմից Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Դավիթ Գյուրջինյանը: Այդ նշանակումը Ց. Ակոպյանի համար հարված էր ուղիղ սրտին: Ցնցված էր ընդամենը երեք ամիս առաջ ուսումնագիտական հարցերով պրոռեկտոր նշանակված երիտասարդը: Ախր նա արդեն վայելում էր ռեկտորի ցմահ պաշտոնավարելու հաճույքը: Հիմնադրի կողմից համալսարանի կանոնադրության մեջ փոփոխություն կատարելուց անմիջապես հետո նա հայտարարեց. «Սա նշանակում է, որ ես ցմահ ռեկտոր եմ»: Բայց, ինչպես ասում են, «շաբաթն ավելի շուտ եկավ, քան ուրբաթը»:
Արդեն քանի ամիս է՝ փորձում ենք հասկանալ Ց. Ակոպյանի «հիասթափությունը, ցավն ու կսկիծը», չէ՞ որ նա լավ գիտի, որ «հեքիաթում Քաջ Նազարը թագավոր դարձավ», հետո ինչ, որ դա եղավ «բախտի բերմամբ թե պատահմամբ»: Ակոպյանի հեքիաթը փշուր-փշուր եղավ: Ուրեմն էլ ի՞նչ էր մնում անել. բոլոր հարթակներից գոռալ եղած ու չեղած «ապօրինությունների» մասին: «Ապօրինությունների» ուրվականը հետապնդում է նրան օր ու գիշեր:
Ապօրինություններ եղել են, այո՛, բայց ո՛չ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ո՛չ համալսարանի ժամանակավոր խորհրդի և առավել ևս ոչ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից, այլ հենց իր՝ Ցոլակ Ակոպյանի կողմից:
Երկու ամիս ստանձնելով ռեկտորի պարտականությունները՝ Ակոպյանը սկսեց հետապնդումների շարքը բոլոր նրանց նկատմամբ, որոնք համարձակվել էին դեմ դուրս գալ նախկին ռեկտորի վարած քաղաքականության և անձամբ իր դեմ: Ոչինչ, որ նրա տված նկատողությունները ապօրինի էին, կարևորը արդյունքն էր. ամեն գնով ազատվել կարող ուժերից և վախի մթնոլորտ սերմանել համալսարանում: Դե թո՛ղ համարձակվի որևէ մեկն ասի, որ «թագավորը մերկ է»:
2018թ. Ց. Ակոպյանը դարձավ Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար: Մոտ երեք ու կես տարի նա չէր կարողանում մասնակցել դեկանի մրցույթին, քանի որ չէր բավարարում դեկանի ընտրությունների մասին կարգի պահանջներին, այն է՝ դեկանը պետք է լիներ ոչ միայն գիտությունների թեկնածու, այլ նաև ունենար դոցենտի գիտական կոչում, որը նա չկարողացավ ստանալ այդ երեք ու կես տարիների ընթացքում: Դե, ուրեմն պետք էր կարգը փոխել. չէ՞որ նա կանոնակարգերի մշակման հանձնաժողովի նախագահն է: Փոխեց կարգը, հանեց դեկանի դոցենտի գիտական աստիճան ունենալու պահանջը և նոր միայն ընտրվեց նույն ֆակուլտետի դեկան: Եվ սկսվեց աղաղակող անօրինականության ու հիրավի ապօրինությունների շարքը:
Պարտադիր ժամկետային ծառայությունից վերադարձած ուսանողի հրամանագրում՝ առանց առարկայական տարբերությունների դուրսբերման: Իսկ տարբերությունները կային, քանի որ 2 տարվա ընթացքում ուսումնական պլանները փոփոխվել էին: Ուսանողի տեղեկագրում անցկացվել են գնահատականներ մի շարք դասընթացներից, որոնց մասին անտեղյակ էր նույնիսկ ուսանողը (ուսանողը զարմացել է, որ ինքը գնահատվել է իսպաներենի դասընթացից, այն դեպքում, երբ նա քննություն չի հանձնել): Ռեկտորատի նիստում խախտումը քննարկման դնելուց հետո Ակոպյանը մեղքը գցեց իր տեղակալի վրա, այն դեպքում, որ նույն Ակոպյանը որոշ ժամանակ առաջ Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի և Թարգմանության և հաղորդակցման ֆակուլտետի դեկաններին խիստ նկատողություն էր տվել իրենց տեղակալների գործառույթի իբրև թե անպատշաճ կատարման համար՝ մեկնաբանելով, որ ստորաբաժանման ղեկավարը դեկանն է:
2022-2023 ուսումնական տարվա ընդունելության մրցույթի արդյունքներով բակալավրիատ ընդունված 3 ուսանողի հրամանագրում 2023թ. հունվարի 11-ին (Հ.1ուս-02/1123) այն դեպքում, երբ այդ ուսանողները առանց հրամանագրվելու հանձնել էին 1-ին կիսամյակի քննությունները:
Պարտադիր ժամկետային ծառայությունից վերադարձած 4 ուսանող, որոնք ԿԳՄՍ նախարարությունից ստացել են զեղչ, սակայն հրաման չի տրվել, և նրանք չեն օգտվել այդ զեղչից: Ավելին, ուսանողներից մեկը հեռացվել է համալսարանից ֆինանսական պարտքի պատճառով:
Ուսանողի տեղեկագրում անգլերեն դասընթացի լուծարքի գնահատականի փոփոխություն, ընդ որում գնահատել է Ց. Ակոպյանը և ինքն էլ ստորագրել: Թե ինչպես կարող էր պատմության (կամ գուցե քաղաքագիտության) մասնագետը քննություն անցկացնել անգլերենից, մնում է առեղծված:
Ս.թ. հունիսի 2-ին համալսարանում կազմակերպվեցին ուսանողական խորհրդի ընտրություններ: Ցոլակ Ակոպյանը, գերազանցելով իր լիազորությունները, ապօրինաբար միջամտում էր ընտրություններին՝ մտնելով ընտրական սենյակ և ուսանողներին հորդորելով կա՛մ քվեարկել իր նախընտրած թեկնածուի օգտին, կա՛մ էլ ընդհանրապես չմասնակցել ընտրություններին: Սակայն իր կողմից որդեգրած սցենարի համաձայն՝ դարձյալ սկսեց մեղքը բարդել դեկանների վրա: Իր գոռգոռոցներից և անվայել պահվածքից դասախոսները դուրս եկան լսարաններից՝ վախենալով, որ Ակոպյանը, որը կորցրել էր ինքնատիրապետումը, կարող էր հարվածել ընտրական հանձնաժողովի անդամներին: Իսկ ինքնատիրապետումը կորցրել էր, քանի որ հեռու գնացող իր ծրագրերը տապալվում էին, և ուսանողական խորհուրդը դուրս էր գալիս իր վերահսկողությունից: Ավելացնենք, որ իր նախընտրած թեկնածուն ներկայացրել էր մի ծրագիր, որը Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահի ծրագիրն էր (թեկնածուն հարկ էլ չի համարել ԵՊՀ-ն դարձնել ԲՊՀ, հանել Իջևանի մասնաճյուղ անվանումը):
Ցոլակ Ակոպյանի համար ապօրինություն չէ գրագողությունը, նրա համար ապօրինություն է, որ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը սիրով է աշխատում ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանի հետ, որ դասախոսները ուրախ են, որ իրենց համալսարանը ղեկավարում է կիրթ, անբասիր նկարագիր ունեցող գիտնական, որի գերակա խնդիրն է բուհի կրթության և գիտության որակի բարձրացումը և բուհի վերջին տարիներին խաթարված ակադեմիական մթնոլորտի առողջացումը»: