Ամերիկայի Միացյալ Նահանգները և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի միջազգային կոալիցիայի անդամները Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել են, որ շարունակելու են պայքարը ծայրահեղականության դեմ և թույլ չեն տալու, որ «Իսլամական պետությունը» վերածնվի։ Այդ մասին Twitter-ում գրառում է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«ԱՄՆ-ն և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի միջազգային կոալիցիայի 86 անդամները կշարունակեն պայքարը ծայրահեղականության բռնի դրսևորումների և ահաբեկչության դեմ։ Թեպետ մենք հաղթեցինք «Իսլամական պետությանը» Սիրիայում և Իրաքում՝ մարտի դաշտում, բայց մենք պետք է շարունակենք ուշադրության կենտրոնում պահել այդ խնդիրը, որպեսզի թույլ չտանք, որ «Իսլամական պետությունը» վերածնվի»,- գրել է Բլինքենը։
Նշենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի միջազգային կոալիցիան ստեղծվել է ԱՄՆ նախաձեռնությամբ՝ 2014 թվականին տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ Կոալիցիայի կազմի մեջ են մտնում Աֆրիկայի, Ասիայի, Եվրոպայի և Ամերիկայի մի շարք պետություններ։