«Ադրբեջանը փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը». Արմեն Գրիգորյան

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 8-ին ելույթ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հերթական նիստի ընթացքում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԽ գրասենյակը, խոսելով տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների մասին՝ ԱԽ քարտուղարն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը շարունակում է ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը և փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը: Այս ամենով հանդերձ՝ Ադրբեջանը շարունակում է սրել իրավիճակը ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլև Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում։

Գրիգորյանը նաև նշել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը և այն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի չիրականացման հետ կապելու փորձը հիմնավոր չէ:

Արմեն Գրիգորյանը կոչ է արել գործընկերներին հստակ և հասցեական գնահատական ​​տալ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և արդյունավետ քայլեր ձեռնարկել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայերը չենթարկվեն էթնիկ զտումների։ Այս համատեքստում Հայաստանի համար առաջնահերթություն է մնում Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի ստեղծումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ