Ղազախական բանկերը հրաժարվում են ռուբլով վճարումներ ընդունել ռուս ձեռնարկատերերից։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստի»-ն՝ հղում անելով շուկայի անդամներին։
Ռուսական 50 թոփ բանկերից մեկի աղբյուրի համաձայն՝ Halyk Bank-ը, Fortenank-ը, RBK bank-ը և Bereke bank-ը վերջին ժամանակներս վերադարձրել են ռուբլով տասնյակ վճարումներ: Ռուբլով վճարումների հետ կապված խնդիրները հաստատել է «Տոչկա» բանկի ներկայացուցիչ Աննա Դավիդովան։
MoneyPort կրիպտոարժույթի բորսայի հիմնադիր Ալեքսանդր Ֆակտորովը Ղազախստանի բանկերի՝ ռուբլով վճարումներ ընդունելուց հրաժարվելը կապում է ԱՄՆ ճնշման հետ։ Նա պնդում է, որ ամերիկյան կողմը հետևում է, որ ռուբլին դոլարի չվերափոխվի ու չշրջանառվի համաշխարհային շուկայում։
Ինչպես հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ Երուլան Ժամաուբաևը, կառավարությունը երկրի բանկերին ցուցումներ չի տվել սահմանափակելու ռուբլով գործարքները. «Ընդհանուր առմամբ կա այնպիսի հասկացություն, ինչպիսին KYC (know your client)-ն է, այն է՝ «ճանաչիր քո հաճախորդին»: Եթե բանկային հատվածը զտում է որոշակի պահեր՝ կապված պատժամիջոցների և այլ ռիսկերի հետ, դա անմիջապես հենց իրենց՝ բանկերի գործն է։ Կառավարության կողմից ոչ մի հրահանգ չի եղել»։