Ինչպես ակնհայտ ուղղորդված չափահաս քաղաքացին ԶԼՄ-ներում դարձավ «խեղճ անչափահաս», իսկ կաշառքից հրաժարված և կաշառատուին օրենքի դաշտ բերած պաշտոնյան՝ հրեշ

Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում, որի մասնակիցներից մեկը Արագածավանի ՋՕ պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանն է, հանրային մեծ հետաքրքրություն էր առաջացրել նախ այն պատճառով, որ վիճաբանության մասնակիցներից մեկը պաշտոնյա է, երկրորդ՝ որ ծեծի ենթարկվածը եղել է «հիվանդ անչափահաս»։

Պաշտոնյայի կողմից «անչափահասին ծեծի ենթարկելու» մասին լուրը արագորեն տարածվեց լրատվականների գլխագրերում։ Իրականում, սակայն, պարզվեց՝ տուժող ճանաչվածը 24-ամյա երիտասարդ է։

Փորձեցինք պարզել, թե ի՞նչ պատճառով է ծագել վիճաբանությունը և վերածվել ծեծկռտուքի։ Թալինի համայնքապետարանից մեզ տեղեկացրին, որ երիտասարդը օրեր առաջ մահվան սպառնալիքներ է հնչեցրել Թորոսյանի հասցեին, նրան անգամ հրավիրել են ոստիկանություն և բացատրական աշխատանքներ տարել։

Նախորդ օրը երիտասարդը տեսել է մեքենայում նստած Թորոսյանին, մոտեցել է ու սպառնալիքներով հարվածել մեքենայի դռանը։ Թորոսյանը սկզբում փակել է մեքենայի դռները և սպասել, որպեսզի երիտասարդը հեռանա, սակայն ագրեսիվ երիտասարդը շրջակայքից փայտ է վերցրել և փորձել ջարդել մեքենայի ապակիները: Դրանից հետո Սուրեն Թորոսյանը բացել է մեքենայի դուռը և դիմել անհրաժեշտ ինքնապաշտպանության։ Դեպքից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ, Թորոսյանը ձերբակալվել է, իսկ 24-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող։

Ուշագրավ է, թե որտեղից և ինչպես է ծագել այս միջադեպը. ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սուրեն Թորոսյանը վերջերս օժանդակել էր իրավապահներին ձերբակալելու «Պեռլիտ» ընկերության տնօրեն Էդիկ Ամիրխանյանին, որը 1.9 միլիոն դրամի կաշառք էր առաջարկել իրեն՝ ավազի հանքի թույլտվություն ստանալու համար։ Սուրեն Թորոսյանի և Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի հաղորդման և համագործակցության շնորհիվ իրավապահները ձերբակալել էին ընկերության տնօրենին՝ գաղտնի տեսանկարահանման միջոցով, հենց կաշառք տալու փորձի ժամանակ։

Ամիրխանյանը միանգամից ընդունել էր մեղքը, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Եվ ահա օրեր առաջ Թալինի համայնքապետի մոտ ընդունելության է գալիս Թալինի շրջանում բնակվող ու հոգեկան խնդիրներ ունեցող (հատուկ հաստատությունում հաշվառված) քաղաքացի, ակնհայտ ուղղորդված և հայտնում, որ պատրաստվում է սպանել համայնքապետարանի աշխատակից Սուրեն Թորոսյանին, որը հենց մասնակից է եղել կաշառք առաջարկողին ձերբակալելու գործում և աջակցել է օրենքի հաստատմանը՝ ցուցմունք է տվել կաշառք առաջարկած գործարարի դեմ։

Համայնքապետ Սափեյանը դուրս է հրավիրում քաղաքացուն և անմիջապես կապվում ոստիկանության հետ։ Ոստիկանությունից էլ քաղաքացուն հրավիրում են բաժին և բացատրական աշխատանք տանում։ Պետք է նշել, որ անգամ ոստիկանության բաժանմունքում նա պնդում է, որ պիտի սպանի Թորոսյանին։ Եվ ահա անհավասարակշիռ քաղաքացին գտնում է հարմար պահը և հարձակվում Թորոսյան Սուրենի վրա, վերջինս սադրանքին տրվելով՝ հունից դուրս է գալիս և ծեծի ենթարկում նրան։

Այնուհետև հոգեկան խնդիրներով երիտասարդին իրենց նպատակներով ուղղորդողները անցնում են պատվիրված ակցիաների ու հոդվածների, որտեղ անհավասարակշիռ չափահաս քաղաքացին ներկայացվում է որպես «խեղճ անչափահաս», իսկ կաշառատուին օրենքի դաշտ բերած աշխատակիցը՝ հրեշ։

Ջ. Պետրոսյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ