Արագածավանի միջադեպին մասնակցած պաշտոնյան ձերբակալվել է․ կոմիտեն դեպքից նոր մանրամասներ է հաղորդել

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Արագածավան բնակավայրում տեղի ունեցած միջադեպից:

Նշվում է, որ 2023 թ. հունիսի 7-ին Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ Ս․ Թ․-ն գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ 24-ամյա Ա․ Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (Ֆիզիկական ներգործությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ:

2023թ. հունիսի 8-ին՝ ժամը 00.15-ին, Ս․ Թ․-ին ոստիկանության աշխատակիցները ներկայացրել են Թալինի քննչական բաժին: Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին: Ա․ Ս․-ն ճանաչվել է տուժող։

Քրեական վարույթով կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, քրեական գործով նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ օպերատիվ ճանապարհով պարզելու նպատակով ոստիկանության աշխատակիցներին տրվել է հանձնարարություն:

Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի լիարժեք հանգամանքները պարզվում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ