ՀՀ-ն վճռական է բարգավաճել խաղաղ տարածաշրջանում. Սիմոնյանի հանդիպումները Միացյալ Թագավորությունում

ՀՀ-Ն ԱՆՍԱՍԱՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԵՋ

Չնայած բազմաթիվ մարտահրավերներին` Հայաստանն անսասան է ժողովրդավարության համոզմունքների մեջ: Եռօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Սըր Լինդսի Հոյլի հետ հանդիպման ընթացքում:

Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) — Ամբողջ աշխարհի համար այն հեռանկարը, որ հետխորհրդային պետությունը կընդունի իրական ժողովրդավարական ուղին, կմերժի օրուելյան ֆարսը, որը տեղի է ունենում ժողովրդավարության անվան տակ, առնվազն զարմանալի պետք է լինի: Այնուամենայնիվ, ես հպարտությամբ պնդում եմ, որ Հայաստանն ընտրել է հենց այդ ճանապարհը: 2018 թվականին մեր երկրում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն: Այս ոչ բռնի գործողության շնորհիվ հայ ժողովուրդը կողմնորոշվեց իր ապագայի հարցում, մերժեց մեր երկիրն ավելի քան երկու տասնամյակ կառավարող իշխանություններին և ազատ ընտրություններով ձևավորեց նոր խորհրդարան՝ իր պետության շահերը պաշտպանելու համար: Նույնիսկ 2020 թվականի 44-օրյա սարսափելի պատերազմից հետո մեր ժողովուրդն արտահերթ ընտրություններում քվեարկեց ներկա իշխանությունների օգտին՝ համարելով, որ նրանք միակ ուժն են, որն ունակ է իրեն առաջնորդել ժողովրդավարության ճանապարհով, հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման, ներառական հասարակության ստեղծման և բոլորի բարգավաճման ճանապարհով:

Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է իր առջև դրված առաքելությունը կատարելու վճռականության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ