«Կին քաղաքական առաջնորդներ» ցանցի գործունեության 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը Բելգիայում է անցկացվում, հենց այստեղ է կայացել նաև առաջինը: Բրյուսելում 2 օր ավելի քան 50 երկրի 250 կին քաղաքական գործիչ, դիվանագիտական ու հասարակական սեկտորի ներկայացուցիչ քննարկում են կարևոր հարցեր, հիմքում խաղաղությունն ու անվտանգությունն է: Գագաթնաժողովին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գլխավորությամբ:
Ողջունելով «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության գենդերային հավասարությանը և կանանց հզորացմանը ծառայելու մոտեցումը՝ Աննա Հակոբյանը շեշտել է, որ այս հարթակը ավելի լավ աշխարհ ունենալու երաշխիքներից է:
Աննա Հակոբյան (ՀՀ վարչապետի տիկին) — Դա առավել արդիական է այսօր, երբ աշխարհում ավելանում են անվտանգության բացակայությունը, կոնֆլիկտները և հումանիտար աղետները: Երեխաների պաշտպանության միջազգային օրն էր՝ հունիսի 1-ը, երբ իմ ուշադրությունը գրավեց մի վերնագիր. «Ես ուզում եմ թագավոր լինել՝ պատերազմներին վերջ տալու համար»։ Դա մի հայ տղայի պատասխանն էր այն հարցին, թե որն է նրա ամենամեծ ցանկությունը։ Եվս մեկ գլխագիր՝ արդեն միջազգային մամուլից, որ կրկին այդ օրն էր հրապարակվել, այնտեղ գրված էր. «Կիևում 11-ամյա երեխա է զոհվել»: Գուցե այս երկու գլխագրերի միջև կապն այնքան էլ ակնհայտ չէ մեզ՝ մեծերիս համար, բայց ես առավել քան վստահ եմ, որ հայ տղան ցանկանում էր պաշտպանել բոլոր երեխաներին՝ Ուկրաինայում և այլ երկրներում: Ես առավել քան վստահ եմ, որ ուկրաինացի և ցանկացած այլ երկրի երեխա ցանկանում է պաշտպանել այն երեխաներին, որոնք հայտնվել են պատերազմի էպիկենտրոնում` անկախ հանգամանքից, թե նրանք որտեղ են ապրում՝ Ուկրաինայում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, թե դրա սահմաններից դուրս:
Մեծահասակներն են հռչակել երեխաների պաշտպանության միջազգային օր. շարունակեց վարչապետի տիկինը` ընդգծելով` այնպես, ինչպես ստեղծել են բյուրոկրատիան, ինստիտուտներն ու ռազմավարությունները: Աննա Հակոբյանի խոսքով` հիմա, սակայն, մեծահասակները պետք է լրջորեն մտածեն առաջնահերթությունների մասին, քանի որ 1 տարի 4 ամսում Ուկրաինայում զոհվել է 485, վրավորվել 992 երեխա: Եվ սա մեկն է այն կետերից, որտեղ երեխաների ապրելու հիմնարար իրավունք ապահովել չի հաջողվում: