ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում սահմանային վերահսկողության և մի շարք այլ հարցերի առնչությամբ։
Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանի համատեքստում հաղորդակցությունների ապաշրջափակումը նշանակում է, որ սահմանների վերահսկողությունը իրականացվելու է բացառապես հայկական սահմանապահ ծառայությունների կողմից։ Նրա խոսքով՝ դա է հայկական կողմի դիրքորոշումը, որն «արդեն հասկանալի է գործընթացում ներգրավված բոլոր գործընկերների համար»։ Բացի դրանից, Գրիգորյանը բարձրացրել է Հայաստանին զենք վաճառելու, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության հարցը։
Զախարովան նշել է, որ հարցը հնչեցնելով՝ լրատվամիջոցի ներկայացուցիչը Գրիգորյանի հայտարարությունը մեջբերել է ոչ ամբողջովին:
«Դրանում եղել են Մոսկվայի հասցեին հարձակումներ: Նախևառաջ կուզենայի, որ Հայաստանի ձեր հիշատակած բարձրաստիճան ներկայացուցիչը (Արմեն Գրիգորյանը) համենայնդեպս կողմնորոշվեր՝ կա՛մ նորմալ երկխոսություն, որը ոչ միայն հնարավոր է, որը պետք է լինի, և որի փորձը մենք ունենք հայկական կողմի հետ, կա՛մ նման հայտարարություններ: Մենք ընտրում ենք առաջինը»,- ասել է Զախարովան։
Ինչ վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ այդ հարցը «առարկայորեն մշակվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների կողմից»։ Նա հավելել է, որ ճիշտ չի համարում արձագանքել Գրիգորյանի մեկնաբանություններին սահմանային հատվածներում վերահսկողության վերաբերյալ, և ընդգծել է, որ այդ հարցով զբաղվում են «համապատասխան ներկայացուցիչները, որոնք նշանակվել են երեք երկրներից յուրաքանչյուրի ղեկավարության կողմից, և նրանց գործառութային պարտավորությունների մեջ է նման հարցերի քննարկումը»: