Պատմության գիրկն ուղարկված «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, որն այդ շարժման օրերին արած հայտարարությունների համար ստիպված եղավ կանգնել դատարանի առաջ (իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր), ոչ մի կերպ չի ցանկանում ինքզինքը՝ որպես քաղաքական գործիչ, ուղարկել «պատմության գիրկը»։ Այսինքն՝ պատմական այս պայթյունավտանգ հանգրվանում, երբ ՀՀ-ն փորձում է դիմակայել արտաքին լրջագույն մարտահրավերներին, հանրային պասիվություն ցուցաբերել, ինչը ենթադրում է նվազագույնը ձեռնպահ մնալ սադրիչ, քայքայիչ, հակապետական հայտարարություններ, մասնավորապես՝ զինվորականությանը, ուժային կառույցներին ընդդեմ պետության ղեկավարի գործելու, «ժամանակին» «պետական հանցագործությունը» կանխելու, «ազգային ու պետական հանցագործության իրագործմանը դիմադրող ժողովրդի մեծ հատվածին» միանալու մասին կոչեր անելուց։ Կարճ ասած՝ «մի խումբ ռոմանտիկներին» ի գիտություն՝ պետական հեղաշրջման հրովարտակ իջեցնելուց։
Ակնհայտ է, որ խաղաղության գործընթացը հայտնվել է շահագրգիռ որոշ ուժերի թիրախում և այն հնարավոր բոլոր միջոցներով վիժեցնելու հրահանգ կա։ Այդ գործընթացին իր մասնակցությունը բերած ՀՀ նախկին վարչապետ, դավադրությունների տեսության գիտակ Մանուկյանը, հավատարիմ իր քնարին, հայտարարել է, թե «այն, ինչ այժմ կատարվում է մեզ հետ, խորը մշակված դավադրություն է՝ ուղղված մեր ժողովրդի դեմ»։ Եվ որպես այդ դավադրության «առհավատչյա»՝ նշել է խաղաղության պայմանագիրը, «որի անհրաժեշտության մասին գոռգոռում են բազմաթիվ արտաքին ուժեր», և որը «ամենակործանարար հարվածն է լինելու մեր ժողովրդին»։
Խաղաղության պայմանագիրը «պատերազմի պայմանագիր» համարող Մանուկյանը տեսնես ու՞մ նկատի ունի՝ «արտաքին ուժեր» ասելով, արդո՞ք ՌԴ-ին, ԱՄՆ-ին և ԵՄ-ին, որոնք նույն համամասնությամբ մինչև 44-օրյա պատերազմը ներգրավված էին ԼՂ կարգավորման գործընթացում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներ։ Այն ժամանակ փաստորեն, երբ կողմերին փորձում էին օգնել հասնել խնդրի լուծմանն ու խաղաղության պայմանագիր ստորագրել՝ դավադրությամբ չէին զբաղվում, իսկ 44-օրյա պատերազմից հետո, փոթորկվող տարածաշրջանում երբ նույն այդ «արտաքին ուժերը» փորձում են իրենց նպաստը բերել խաղաղության գործընթացին՝ զբաղվում են դավադրությամբ։ Կար ժամանակ, ի դեպ, մասնավորապես 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, երբ Մանուկյանը Սերժ Սարգսյանին կից Հանրային խորհրդի նախագահն էր, ողջունում էր ԵԱՀԿ առաքելության հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացը՝ առանց մեր դեմ հյուսվող դավադրությունների մասին աղաղակելու։ «Ողջունում եմ այդ բանակցությունները: Քանզի քանի դեռ դիվանագետները բանակցում են, ապա կողմերը չեն պատերազմում: Երբ բանակցությունները դադարեն, կարող է վերսկսի պատերազմը»,-ազդարարում էր Մանուկյանն ու այսպիսի ցնցող կանխատեսում անում․ «Ղարաբաղի կարգավիճակի հարցը բանակցությունների միջոցով լուծում չունի. Ղարաբաղը ոչ մի դեպքում չի ընդունում, որ Ադրբեջանի կազմի մեջ է, չի էլ երևում, որ Ադրբեջանն ընդունի, որ Ղարաբաղն իր կազմի մեջ չէ: Այս ամենից ելնելով՝ առայժմ հարցի լուծում չեմ տեսնում և ողջունում եմ բանակցային գործընթացը: Բանակցություններն ինչքան երկար շարունակվեն, այնքան լավ, որովհետև հարցը մաշվում է: Երբ նույն վիճակը երկար է մնում, տասնյակ տարիներ մարդիկ համակերպվում են այդ մտքի հետ»:
Փաստորեն, չտեսնելով ԼՂ կարգավիճակի հարցի լուծումը, Մանուկյանը հարցի լուծում որպես դիտարկում էր ստատուս քվոյի պահպանումն ու լուծման փոխարեն պրոցեսը ձգձգելը, ինչն էլ, փաստացի անում էր Սերժ Սարգսյանը, մինչդեռ «հարցը մաշվելու» փոխարեն անխուսափելի էր դառնում 44-օրյա պատերազմը։ Իսկ այժմ, երբ գործող իշխանությունը փորձում է «հարցը մաշեցնելու» փոխարեն ռեալ բանակցությունների միջոցով հասնել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը՝ խաղաղության պայմանագրի շուրջ տարվող բանակցություններով կանխելով պատերազմը, Մանուկյանը բանակցություններից պատերազմի հոտ է առնում, գործընթացն էլ, ինչպես ասվեց, որպես դավադրություն է որակում։
ՀՀ նախկին պաշտպանության նախարարը մի ահազանգ էլ անկլավների հարցով է հնչեցրել։ «Անկլավների գոյությունը Խորհրդային միության որևէ օրենքով ամրագրված չէր։ Դրանք ժամանակին տրվել են Ադրբեջանին տեղական իշխանությունների համաձայնությամբ, հետևաբար որևէ իրավական ուժ չունեն, այսինքն՝ մեր տարածքներն են նաև դե յուրե»։ Ինչպես ասում են՝ հրաշալի է ասված, բան չկա ավելացնելու։ Սա հենց այն է, ինչի մասին այս ընթացքում հայտարարում ու պնդում է նաև ՀՀ իշխանությունը՝ առանց իրավական հիմքերի ճշգրտման խոսք լինել չի կարող անկլավների վերաբերյալ։ Բայց քանի որ Մանուկյանն իր խոսքը կառուցում է դավադրության տեսության առանձնահատկություններով, ապա նրա միտքը չէր կարող չունենալ համապատասխան շարունակություն․ «Եթե անկլավները տրվեն Ադրբեջանին, դա նշանակում է հակառակորդին տալ լավագույն հնարավորությունները և ստեղծել գայթակղություն պատերազմը շարունակելու արդեն Հայաստանի տարածքի ներսից»։
Տպավորություն է, թե քաղաքական թոշակառու Վազգեն Մանուկյանը չարաշահում է «Կիկոսի մահը» հեքիաթի ընթերցանությունը, ինչն էլ ստիպում է այդ հեքիաթի մոտիվներով կանխատեսումներ անել։ Ուստի՝ ավելորդ չի լինի, եթե նրան բարեկամաբար խորհուրդ տանք՝ հանգիստ նստել տեղն ու հետևել խաղաղության գործընթացի շուրջ ընթացող բանակցային գործընթացին՝ դադարելով ծերունական մարազմը վերլուծության անվան տակ հասարակության վզին փաթեթելուց։ Նման զբաղմունքը սազական չէ ՀՀ նախկին վարչապետին։
Հ․Գ․ Ի դեպ, Մանուկյանը 44-օրյա պատերազմի ամենաթեժ օրերին էլ խոսում էր իշխանության հեռացման մասին՝ փորձելով գեներացնել պետական հեղաշրջում։ 2020 թ հոկտեմբերի 27-ին նա հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասված էր, թե «Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում՝ դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների։ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների,միջազգային կառույցների հետ։ Սա միակ փրկությունն է»։
Պաշտպանության կոմիտեի ղեկավար որպես նախկին պաշտոնյան, երևի թե, իրեն էր պատկերացնում, քանի որ մի առիթով հայտարարել է, որ ինքը կհամաձայնի պաշտպանության նախարարի պաշտոն ստանձնել պատերազմի ժամանակ։ «Ես կարող եմ պաշտպանության նախարար լինել միայն պատերազմի ժամանակ։ Եթե չկա պատերազմ, այդ ժամանակ ես քաղաքական գործիչ եմ»,- 2016-ի ապրիլյան պատերազմից հետո հայտարարել էր Մանուկյանը։
Միգուցե Մանուկյանի սիրտը նորից պատերազմ է ուզում, որ ի կատար ածի իր ցանկությո՞ւնը։