«Արցախի բնակիչների կես տարի շարունակվող շրջափակումը խոչընդոտում է մարդու իրավունքների պաշտպանությանը». նախարարը՝ Ժնևում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում անցկացվող Աշխատանքի միջազգային համաժողովի 111-րդ նստաշրջանում հանդես է եկել ելույթով։

Նստաշրջանին մասնակցում էին Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 187 անդամ երկրները ներկայացնող պատվիրակություններ։

Նախարարը իր ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ լինելով իր որդեգրած արժեքներին, շարունակում է անհրաժեշտ ջանքեր և ռեսուրսներ ներդնել՝ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ուղղությամբ։ Այս համատեքստում բանախոսն ընդգծել է ՀՀ զբաղվածության ռազմավարության մշակման, «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի իրականացման, «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ու այլ ծրագրերի իրագործման կարևորությունը։

«2020 թ․ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ դրսևորվող ադրբեջանական ագրեսիան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակչի ավելի քան կես տարի շարունակվող շրջափակումը մեծապես խոչընդոտում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից, ինչը հակասում է միջազգայնորեն ընդունված նորմերին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, Աշխատանքի միջազգային կազմակերպության նպատակներին և դրանց վերաբերող հռչակագրին»,- նշել է նա։

Միաժամանակ, նախարար Մկրտչյանը ելույթի ընթացքում բարձր է գնահատել Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության 31 տարվա համագործակցությունը և շեշտել, որ կազմակերպությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի վստահելի գործընկերը հատկապես սոցիալական արդարության ամրապնդման, աշխատանքի անվտանգության և առողջության ապահովման, սոցիալական երկխոսության զարգացման գործում։

Եզրափակելով ելույթը՝ ՀՀ պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՄԿ-ի բոլոր մասնակիցների հետևողական աշխատանքն ու ընդհանուր ջանքերը հնարավորություն կտան հաղթահարել առկա մարտահրավերները՝ ապահովելով սոցիալական արդարություն, արժանապատիվ աշխատանք և բարգավաճում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ