Ադրբեջանական և ռուսական կողմերի մոտեցումն այն է եղել, որ Հայաստանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին կանգնեն ռուս սահմանապահները, ինչը Հայաստանը մերժել է. քաղաքագետ

Civic.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

— Պարոն Ղևոնդյան, ՀՀ ԱԽ քարտուղարի խոսքով՝ ապաշրջափակումից հետո սահմանային բոլոր ծառայությունները իրականացվելու են ՀՀ ծառայությունների կողմից։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանից դուրս են գալու ռուս սահմանապահները։

— Այստեղ խոսքը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի մասին է, իսկ Իրանի ու Թուրքիայի հետ կապված դեռ չկա որոշակիություն։ Ես տեղյակ եմ, որ քննարկումների ընթացքում և ադրբեջանական, և ռուսական կողմերի ընդհանուր մոտեցումն այն է եղել, որ Հայաստանը գուցե կցանկանար, որ Հայաստանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին կանգնեն ռուս սահմանապահները, սակայն հայկական կողմը նշել է, որ պարտադիր է փոխադարձության սկզբունքը։ Այսինքն՝ եթե Ադրբեջանի կողմից կանգնում են ադրբեջանցիները, ապա Հայաստանի կողմից կկանգնեն ՀՀ սահմանապահ ծառայության աշխատակիցները։ Ինչ վերաբերում է Իրանին և Թուրքիային՝ հուսանք, որ ժամանակի ընթացքում այդ հատվածները ևս կփոխարինվեն հայկական սահմանապահ ծառայության աշխատակիցներով։ Հիմնական վտանգը Ադրբեջանի կողմից է, և այդտեղ կանգնելու են հայ սահմանապահները, և տրամաբանությունն անհասկանալի է, թե ինչու այլ վայրերում պետք է կանգնեն ռուս սահմանապահները։

— Հայ-ադրբեջանական սահմանին հայ սահմանապահների տեղակայումը տեղի է ունենալու դելիմիտացիայի՞ց հետո։

— Դա տեղի է ունենալու «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո, սակայն դեռ կան խնդիրներ, որոնք չեն համաձայնեցվում։ Մենք գիտենք, որ գործընթացը տեղի է ունենում, և գործընթացում կան գծեր, որոնք որևէ կերպ չեն համատեղվում Հայաստանի և Ադրբեջանի շահերի տիրույթներում։ Հայ-ադրբեջանական սահմանին հայ սահմանապահ ծառայությունների աշխատակիցների կանգնելը դեռևս տեսական տիրույթում է, պետք է հաշվի առնենք, որ համաշխարհային իրավիճակը ամեն պահի փոփոխվում է, և այդ փոփոխությունների համատեքստում հնարավոր է ոչ մի համաձայնություն էլ չլինի։

— Հայաստանը ներգրավված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, այսինքն՝ հայ-թուրքական սահմանը բացվելուց ակնկալե՞նք այդ հատվածներից ռուս սահմանապահների դուրսբերում, և այս պարագայում անհրաժեշտություն կլինի՞, որ Գյումրու ռուսական ռազմաբազան շարունակի գործել։

— Եթե հայ-թուրքական սահմանը բացվի, ու համաձայնություն ձեռք բերվի ոչ միայն երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների մուտքը թույլատրել, այլ նաև Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիների, առավել կարևոր՝ բացվի նաև բեռների համար, հուսանք, որ այդտեղ կկանգնեն հայ սահմանապահները։

— ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է 1975թ. քարտեզով իրականացնել դելիմիտացիան, այդ մասին խոսել է նաև ՀՀ ԱԽ քարտուղարը, սակայն այսօր Ադրբեջանի ԱԳ նախարարությունից ասել են, որ չկա փոխադարձ համաձայնություն որևէ քարտեզով դելիմիտացիա իրականացնելու։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ համաձայն Պրահայի և Սոչիի հանդիպումների ժամանակ արված հայտարարությունների՝ դելիմիտացիան պետք է իրականացվի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա։ Ի՞նչն է պատճառը, որ Ադրբեջանը չի ընդունում Հայաստանի առաջարկը՝ 1975թ. քարտեզով իրականացնել սահմանագծումը։

— Խնդիրը գործընթացի մեջ վերջնական հանգուցալուծման չգնալն է, ինչը Ադրբեջանը ցանկանում է, և միջազգային հանրությունը դեմ չէ։ Միջազգային իրավիճակը շատ փոփոխական է այս պահին, և վերջնական համաձայնության գնալը աշխարհաքաղաքական խաղացողների համար անիմաստ է։ Այս առումով ինչպիսի համաձայնություններ էլ լինեն՝ 1975թ. քարտեզը կլինի, թե ՄԱԿ-ի կանոնադրությունը կլինի, թե մեկ այլ բան՝ կողմերը վերջնական համապարփակ համաձայնության այս պահին չեն գնալու, և այդ վերջնական համաձայնության չգնալը որոշ չափով խրախուսվում է նաև միջազգային հանրության կողմից։

— ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ մինչև տարեվերջ հնարավոր է «Խաղաղության պայմանագիր» կնքվի, այս մասին ասել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ այդ քայլը համարելով անխուսափելի։ Ձեր կարծիքով՝ մինչև սահմանագծման, սահմանազատման աշխատանքները պե՞տք է կնքել «Խաղաղության պայմանագիր», ի՞նչ է դրանով որոշվելու։

— Ես չեմ կիսում ՀՀ ԱԽ քարտուղարի խոսքերը, դժվար թե այս տարվա ընթացքում կնքվի «Խաղաղության պայմանագիր»։ Եթե նույնիսկ ինչ-որ բան ստորագրվի կողմերի կողմից, դա չի նշանակելու, որ ամեն դետալ հաշվի առած փաստաթուղթ է, կարող է լինել ճանապարհային քարտեզ, որը հետագայում ենթադրի նոր համաձայնություններ, որոնք տեսանելի ապագայում չլինեն։

Դելիմիտացիան ու «Խաղաղության պայմանագիրը» հնարավոր չէ մեկը մյուսով փոխպայմանավորել։ «Խաղաղության պայմանագիրը»՝ որպես դետալները վերջնական քննարկված պայմանագիր, մոտ ապագայում չի կնքվելու, օրինակ՝ այնտեղ չի ներառվի, թե դելիմիտացիան ինչպես պետք է արվի, երբ ու որտեղ պետք է արվի։

— Վերջին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, որի մեջ, բացի Արցախից, մտնում են նաև Հայաստանում գտնվող, այսպես ասած, Ադրբեջանի անկլավները, բայց միաժամանակ նշեց նաև, որ չկան իրավական հիմքեր այդ անկլավների մասով։ ՀՀ ԱԽ քարտուղարը ևս բազմիցս շեշտել է, որ չկան անկլավների իրավական հիմքեր, այս դեպքում ինչո՞ւ է ՀՀ-ն ճանաչում Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը։

— 1975թ. քարտեզներում նշված են անկլավները, և Հայաստանը կարծես թե համաձայնել է այդ քարտեզները որպես հիմք ընդունել։ Անկլավների հարցը իշխանությունը ներկայացնում է, որ լուծվելու է փոխադարձության սկզբունքով։ Հայաստանի 29.800 քկմ տարածքի մեջ, ինչպես վարչապետը նշել է, մտնում է նաև Արծվաշենը։ Այսինքն՝ Արծվաշենը մնալու է Ադրբեջանի տիրապետության տակ, իսկ Հայաստանում գտնվող անկլավները, որոնք տարածքներով իրար շատ մոտ են, մնալու են մեր տիրապետության տակ, գուցե այդտեղ սահմանի ինչ-որ մի հատվածում տարածքի տեսքով փոխանակում լինի, բայց ոչ անկլավի տեսքով։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է «Խաղաղության պայմանագիր» կնքեն, ապա այդ անկլավների հարցը պետք է լուծվի։ Եթե անկլավներով փոխանակում լինի, ի վնաս մեզ կլուծվի, որովհետև Ադրբեջանում գտնվող Արծվաշենը չունի ռազմավարական մեծ նշանակություն, իսկ Ադրբեջանի անկլավներն ունեն մեծ նշանակություն Հայաստանի համար։

— Եվ ՀՀ վարչապետի, և ՀՀ ԱԽ քարտուղարի խոսքով՝ չկան իրավական հիմքեր անկլավների, բայց Դուք նշեցիք 1975թ. քարտեզով նշված են դրանք։

— Ճիշտ է, 1975թ. քարտեզում նշված են անկլավները, բայց իրավական հիմքը քարտեզները չեն՝ փաստաթղթերն են, իսկ նման փաստաթղթեր գոյություն չունեն, որոնց հիման վրա ինչ-որ հատվածներ են տրվել Ադրբեջանին։ Այո, չկան իրավական հիմքերը, բայց դրանք քննարկման բաղադրիչներ են, և սրանց շուրջ, իմ կարծիքով, դեռ ամիսներով քննարկումներ կլինեն։

— Հիմա, եթե չկան անկլավների իրավական հիմքեր, պե՞տք է Հայաստանը ճանաչեր Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը։

— Կարծես Ադրբեջանի միակ պայմանն է դա եղել, որպեսզի ինքն էլ ճանաչեր Հայաստանի 29.800 քկմ տարածքը, և ՀՀ իշխանությունը որոշել է գնալ այդ ճանապարհով՝ պահպանելու այդ 29.800 քկմ տարածքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ