ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն է տարածել Վարդավառի լճում 2023 թվականի հունիսի 5-ին իրականացված ջրի հետազոտությունների նախնական արդյունքների վերաբերյալ։
«Հարգելի գործընկերներ, Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի աշխատակիցներն ահազանգը ստանալուց անմիջապես հետո Վարդավառի այգու լճի տարածքում դաշտային հետազոտություն են անցկացրել․ իրականացվել է ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձազննում իրականացնելու նպատակով»,- ասված է նախարարության հայտարարությունում։
Ըստ գերատեսչության՝ նմուշների առաջնային անալիզների նախնական արդյունքների համաձայն՝ ջրում լուծված թթվածնի արժեքը շատ ցածր է և բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար։ Ջուրը թույլ հիմնային է, հատկապես բարձր են ամոնիում (3-րդ, «միջակ» դաս) և սուլֆատ իոնների (5-րդ, «վատ» դաս) կոնցենտրացիանները։