Հունիսի 5-ին ՀՀ ԶՈՒ-ում հանդիսավորությամբ մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը: Մի քանի ուղղություններով ուսումնական կենտրոններում սկսվել է քննաշրջանի ակտիվ փուլը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ատեստավորում անցնող առաջին խմբի զինծառայողներն են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները, որոնք քննությունները բարեհաջող հանձնելուց հետո հետագա ծառայությունը կշարունակեն իրենց ընտրած զորամասերում սոցիալական արտոնությունների շոշափելի փաթեթով: Քննությունների առաջին օրը հիմնականում լավ և գերազանց գնահատականներով զինծառայողները հանձնել են շարային պատրաստության ստուգարքը»,- գրել է նա:
Նախարարը նաև նշել է՝ առաջիկա օրերին ատեստավորում անցնող հայրենյաց պաշտպանները կհանձնեն քննություններ ֆիզիկական, կրակային և մասնագիտական պատրաստություն առարկաներից, որոնց արդյունքների հանրագումարով էլ ստուգող հանձնաժողովը կգնահատի զինծառայողի ընդհանուր պատրաստության մակարդակը: