«Հիմա հարց է առաջանում՝ Ազգուշ Մարտիրոսյանին պահել կալանքի տակ, որ ի՞նչ»:
Այս մասին այսօր Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով դատական նիստի ժամանակ ասաց մեղադրյալ Ազգուշ Մարտիրոսյանի պաշտպանը:
Պաշտպանի խոսքին արձագանքեց գործը քննող դատավորը, որը նկատեց. «Դուք հիմա գնահատական եք տալիս դատարանի կայացրած ակտին, այսինքն՝ անորակ միջնորդություն էր, և անորակ որոշում կայացվեց: Հատո՞ւկ եք անում, որ դատական նիստերը գնան ոչ թե իրավական դաշտում, այլ փորձեք ինչ-որ բաներ կպցնել ու որակումներ անել: Դուք ֆունկցիա ունե՞ք դատավարությունն իրականացնելու, ես եմ կայացնում այդ որոշումը, դուք ձեր կարծիքն ասեք, ոչ թե գնահատականներ տվեք:»:
Պաշտպանն ասաց, որ դատարանին առնվազն մեղադրում է, որ պետք է լրջագույն, ծանրակշիռ փաստեր ներկայացվեր:
«Որքանո՞վ պիտի Ազգուշ Մարտիրոսյանը այսօր վստահի ձեզ՝ որպես համակարգի: Նշանակում է, որ այս երկրում վարչապետը իր անվտանգության համակարգով չի կարողանում մի հատ որդի պաշտպանել, ուր մնաց…»,- ասաց Ազգուշ Մարտիրոսյանի պաշտպանը:
Նրան արձագանքելով՝ դատավորը նշեց. «Իմ կողմից կայացված որոշումը կարող է ձեր սրտով չլինի: Շոուի եք վերածում, դո՞ւր է գալիս ձեզ սա: Ես որքան հասկանում եմ, ձեզ միայն դա է դուր գալիս, ձեզ իրավական դաշտը չի հետաքրքրում, միայն շոուն է հետաքրքրում. գալիս եք ելույթ ունենաք, նկարահանեք, «ֆեյսբուքներում» գրեք, որևէ մեկդ իրավական դաշտում չեք գործում»: