«Երբ որ ես խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշում չեմ հայտնում, դա չի նշանակում, որ պաշտպանական կողմն էլ պետք է տենց մաքսիմալիստական մոտեցումներով հարցին մոտենա։ Տեղի ունեցածը ես ինքս հանցանք եմ համարում։ Շատ կետեր կան, որոնց մասին պաշտպանության կողմը խոսում է՝ չեն համապատասխանում իրականությանը»,- այսօր Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի գործով նիստի ժամանակ հայտարարեց Աշոտ Փաշինյանը։
Նա նշեց, որ միջադեպի օրը Գայանե Հակոբյանը դատարանից էր դուրս գալիս այն պատճառով, որ ինքը պաշտոնատար անձանց մուտքն արգելել էր Եռաբլուրում, և պաշտպանական կողմն ինչ վարքագծի մասին է խոսում։
«Տիկին Գայանեն մի կազմակերպության անդամ է, որը հայտնի է հանրային սպառնալիքներով ու մանկապարտեզներ պայթեցնելու մասին հայտարարություններ անելով, ու պաշտպանական կողմը եկել նենց ա դրա մասին խոսում, ոնց որ թե ակադեմիկոսների ու գիտնականների մասին է խոսքը։ Իսկ ինչ վերաբերում է խափանման միջոցին, որ ես միջնորդություն չունեմ, ապա չունեմ այն պատճառով, որ ենթադրում էի, որ պաշտպանական կողմը ավելի համագործակցող մոտեցում ցույց կտա, և կարիք չի լինի այս ամեն ինչին անդրադառնալու»,- ասաց Աշոտ Փաշինյանը։
Այնուհետև նա նշեց, որ եթե պաշտպանական կողմն այս մոտեցումն է որդեգրել, ուրեմն ինքն ասում է իր մոտեցումը, և դա այն է, որ նույնիսկ տնային կալանքը կարող է շատ մեղմ համարվել այս դեպքի համար, նաև հաշվի առնելով այն, որ տեղի է ունեցել ծանր հանցագործություն։
«Այստեղ խոսքը նրա մասին չի, որ տիկին Գայանեն հարվածել է իմ ուսին կամ էս, կամ էն։ Այսինքն՝ ըստ Քրեական օրենսգրքի՝ պատիժը նախատեսված է 4-8 տարի»,- ասաց Աշոտ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում