Ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի ավտոմեքենան, իմ առեւանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց տիկին Գայանեն թույլ չտվեց։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։
«Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենան, առեւանգումը մեքենան նստելուն չէր վերաբերում։ Առեւանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց տիկին Գայանեն թույլ չտվեց։ Տիկին Գայանեն ինձ նախօրոք չէր ասել, որ «Եռաբլուր» ենք գնալու։ Ես նրան շատ հարգալից ասացի, որ այսքան ժամանակ ով փորձել է կապվել ինձ հետ` կապվել է, ով ցանկացել է հանդիպել՝ հանդիպել է, սակայն հիմա իմ կամքից անկախ ինչո՞ւ եք ինձ տանում «Եռաբլուր»։ Ես հիմա չեմ ուզում ձեզ հետ գալ «Եռաբլուր», որովհետեւ դուք առանց իմ կամքը հաշվի առնելու ասում եք գնում ենք այստեղ»,- ասաց նա։
Աշոտ Փաշինյանի խոսքով՝ բոլոր նմանատիպ դեպքերն օրենքին համապատասխան մեկնաբանություն պետք է ստանան։ Իր գործն է եղել դատաիրավական համակարգին դիմելը, մնացածը աշխատակիցների գործն է։
«Ես չեմ որոշողը՝ ով դատապարտվի, ով՝ ոչ։ Պարզ է, չէ՞, թե իմ ցուցմունքի որ մասն է համարվում առեւանգում, որ հատվածը՝ ոչ։ Իմ ցուցմունքում պարզ նշված է, որ մասն է խնդրահարույց, որ մասը՝ ոչ, գործընթացն էլ հրապարակային է, կարող եք կարծիք կազմել»,- նշեց նա։
Աշոտ Փաշինյանը հերքեց ծնողների այն հայտարարարությունները, որ ինքը ներողություն է խնդրել իր ծնողների արարքների համար՝ նշելով, որ նրանք թուրք են․ «Բացարձակ սուտ է, նման բան չի եղել եւ չի էլ կարող լինել»։