Այսօր Ազգային ժողովում ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն անդրադարձավ քննարկվող այն թեմային, թե ինչու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահի երդմնակալության ժամանակ երկրորդ շարքում նստած եղել:
Ըստ Միրզոյանի՝ դա արարողակարգային է. բոլոր վարչապետներն էին նստած երկրորդ շարքում:
Արտաքին գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ Հունգարիայի վարչապետ Օրբանը պակաս կարևոր մարդ չէ Թուրքիայի նախագահ Էրդողանի համար: «Բայց որևէ տարբերություն չկար թե՛ նստած տեղի, թե՛ հյուրերին թվարկելիս»,- ասաց նա:
Նշենք, որ այս հարցը վերջին օրերին դարձել էր համացանցի ամենաքննարկվող թեմաներից մեկը: Դրան նպաստել էին նաև ադրբեջանական և ռուսական լրատվամիջոցները, որոնք ապատեղեկատվություն էին տարածել, ինչն էլ հայ հանրության շրջանակում տարակուսանքի տեղիք էր տվել: Մասնավորապես՝ ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը պնդել էր, թե «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր երդմնակալության օրը չի դիմել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ թվարկել է երդմնակալության արարողությանը մասնակցող այլ պետությունների և կառավարությունների ղեկավարներին»: Իրականում, սակայն, առկա է տեսանյութ, որտեղ էրդողանը, ի թիվս այլ երկրների ղեկավարների, շնորհակալություն է հայտնում ՀՀ վարչապետին:
Ռուսական մամուլը նաև հեգնանքով գրել էր, թե Հայաստանի վարչապետին երկրորդ շարքում են նստեցրել՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողքին։ Մինչդեռ երդմնակալության միջոցառման կադրերից պարզ երևում էր, որ արարողակարգի համաձայն՝ առաջին շարքում նստել էին երկրների նախագահները, իսկ հրավիրված բոլոր վարչապետերը երկրորդ շարքում էին, այդ թվում՝ Վրաստանի և Հունգարիայի վարչապետը։