ԱԱԾ գեներալ Կառլոս Պետրոսյանը սեփականաշնորհել է «Հաղթանակ» զբոսայգու 6900 քմ տարածքը․ «Հետք»

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու շուրջ քրեական և իրավական պատմությունները դեռ չավարտված` կոռուպցիոն մի նոր պատմություն է հայտ գալիս։ Զբոսայգում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի տարածքը պետությանը վերադարձնելու գործը դեռ չի հանգուցալուծվել, «Հետք»-ը պարզել է, որ զբոսայգու ևս մեկ տարածք է սեփականաշնորհվել։

Հայաստանի օրենսդրությամբ արգելվում է անտառների, այգիների, մանկապարտեզները սեփականաշնորհումը, դրանք վաճառքի ենթակա չեն։ Բայց դա չի խանգարել Երևանի նախկին քաղաքապետեր Երվանդ Զախարյանին և Ռոբերտ Նազարյանին «Հաղթանակ» զբոսայգու՝ «Մայր Հայաստան» արձանի արևելյան մասից 6900 քմ հողամաս օտարեն ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի հետ փոխկապակցված անձին։

Տարիներ անց այդ հողամասի կողքին 2000 քմ հող է գնել Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդին։ Նախորդ տարի երկու հողամասն էլ գնել է ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Գրիգորյանը և ցանկանում է կառուցապատել։

Զբոսայգու մշտական այցելուները, որոնք բնակվում են մոտակայքում, 2022 թ․-ի մարտ ամսին այգու մեջ նոր ցանկապատ տեսան՝ վրան կողմնակի անձանց մուտքն արգելող ցուցանակ․ «Սեփական տարածք։ Մուտքն արգելվում է»։

Կադաստրի կոմիտեից պարզեցինք, որ տարածքում երկու գույք կա, որոնք սեփականության իրավունքով պատկանում են «Ռիդ» ՍՊԸ-ին։ Հողամասերից մեկը 2000 քմ է, մյուսը՝ 6900 քմ։ ՍՊԸ-ի տնօրենը դիմել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին՝ հայտնելով, որ «հողամասերը վերածվել են շինարարական աղբավայրի, ինչը կարող է հանդիսանալ բնակչության բողոքի առարկա» և խնդրել է թույլ տալ հողամասերը ցանկապատել։ Վարչական շրջանի աշխատակազմը տվել է թույլտվությունը։ Կառուցապատում իրականացնող, 3.7 միլիարդ դրամ կանոնադրական կապիտալով «Ռիդ» ՍՊԸ-ն պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Ցոլակի Գրիգորյանին։

Հողամասը սկզբում վարձել են, ապա գնել

Ցանկապատված տարածքի 2 հողամասերից 6900 քմ մակերեսով տարածքի նկատմամբ հետաքրքրությունը սկսվում է 2002 թ.-ից։
Երևանի քաղաքապետարանում 2002 թ.-ի դեկտեմբերի 17-ին պետական սեփականություն հանդիսացող մի շարք հողամասերի վարձակալության աճուրդ է անցկացվել։ Ցանկում ներառված է եղել նաեւ Բաբայան և Ուլնեցու փողոցների հատման մասում՝ «Հաղթանակ» զբոսայգում գտնվող 6900 քմ հողամասը։ Հողամասն աճուրդի է դրվել 25 տարի ժամկետով, հանգստի և ժամանցի համալիր կազմակերպելու նպատակով։ ։Վարձակալության 1 տարվա արժեքը աճուրդի մեկնարկային գնով սահմանվել է 1 միլիոն 368 հազար դրամ։ Աճուրդի հանձնաժողովը նախագահել է քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը։ Աճուրդին մասնակցել է 4 անձ, որոնք մեկնարկային գնից ավելի վճարելու իրենց առաջարկներն են արել։

Մասնակից Սիլվա Համբարձումյանն առաջարկել է վճարել 400% ավելի, Արթուր Պետրոսյանը՝ 505% ավելի, Վարազդատ Պետրոսյանը՝ 2% և Արթուր Բադալյանը` 5 % ավելի։ Աճուրդային հանձնաժողովը 5 կողմ, 2 ձեռնպահ ձայներով վարձակալության աճուրդում հաղթող է ճանաչել Արթուր Պետրոսյանին։ Աճուրդի արդյունքները հաստատվել են Երևանի քաղաքապետ Ռ․ Նազարյանի որոշմամբ։

Ամիսներ անց՝ 2003 թ.-ի ամռանը, Ռ․ Նազարյանի մեկ այլ որոշմամբ հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը փոխանցվում է աճուրդի մեկ այլ մասնակցի՝ Վարազդատ Պետրոսյանին, որն ամենացածր գինն էր առաջարկել (մեկնարկային գնից 2% ավելի)։ Քաղաքապետի որոշման մեջ նշված է, որ հաղթող ճանաչված քաղաքացին հրաժարվել է գնման իր իրավունքից։ Հրաժարվել են նաև մյուս մասնակիցները, և միայն Վարազդատ Պետրոսյանն է համաձայնել վարձակալության իրավունքի պայմանագիր կնքել։ Հայաստանում տարիներ շարունակ աճուրդները նման ձևական ընթացքն են ունեցել՝ վերջնաարդյունքում հաղթող է դարձել այն անձը, որի համար կազամկերպվել է աճուրդը։ Վարձակալի համար պայման է սահմանվում՝ կատարել 20 միլիոն դրամի ներդրում, իսկ հանգստի և ժամանցի համալիրի կառուցումն ավարտին հասցնել մինչև 2005 թ.-ը։

2003 թ.-ի հոկտեմբերի 10-ին Վարազդատ Պետրոսյանի և Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի (2003 թ․-ի հուլիսի 1-ին ստանձնել է պաշտոնը) միջև կնքվում է հողամասի վարձակալության պայմանագիր 25 տարի ժամկետով, տարեկան 1.3 մլն դրամ վարձավճարով։ Վարձակալության պայմանագրից առաջ գծվում են հողամասի սահմանները։

2003 թ.-ի հոկտեմբերի 10-ին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ «Հաղթանակ» զբոսայգին և մի շարք այլ այգիներ ընդգրկվում են Երևան քաղաքի հաշվեկշռում։ Դրան նախորդել էր կառավարության համապատասխան որոշումը։
Երվանդ Զախարյանի վերը նշված որոշմամբ կազմվում է «Հաղթանակ» զբոսայգու հատակագիծը։ Եվ հենց այդ ժամանակ զբոսայգու սահմաններն այնպես են գծվում, որ դրա տարածքից դուրս են մնում վարձակալության տրված 6900 քմ հողամասը, հարակից այլ տարածքներ ևս։

Այդ որոշումից 2 ամիս անց՝ 2003 թ.-ի դեկտեմբերին Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ վարձակալության տրված հողամասի նկատմամբ գնման նախապատվության իրավունք է տրվում։ Այսինքն, եթե հողամասը վաճառվի, վարձակալն այն գնելու առաջնահերթ իրավունք է ստանում։ Այդ որոշմանը նախորդել է վարձակալ Վարազդատ Պետրոսյանի՝ գնման նախապատվության իրավունք հայցելու դիմումը։ Այդ դիմումի վերաբերյալ քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ս․ Դանիելյանը գրավոր հայտնել է, որ հողամասը ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում նշված սեփականության իրավունքի փոխանցման սահմանափակումների ցանկում։

Զբոսայգու տարածքը նախ վարձակալության տալով, ապա զբոսայգու սահմաններից դուրս թողնելով եւ գնման նախապատվության իրավունք տալով՝ ստեղծվում են բոլոր հիմքերը զբոսայգու մի մասը հետագայում սեփականաշնորհելու համար։ Երվանզ Զախարյանի 2003 թ.-ի դեկտեմբերի 27-ի որոշումից երկու օր անց վարձակալի հետ կնքվում է հողամասի առուվաճառքի պայմանագիր։ Իսկ 2005 թ-ի դրությամբ վարձակալ-սեփականատերը չի կատարել խստացված ներդրումները, չի սկսել և ավարտին չի հասցրել հանգստի և ժամանցի համալիրի շինարարությունը, փոխարենը դարձել է հողամասի սեփականտեր։

ԱԱԾ-ի պետ Կառլոս Պետորսյանի կինը՝ հողամասի սեփականատեր

Զբոսայգու վարձակալ, ապա սեփականատեր Վարազդատ Պետրոսյանը 2011 թ.-ին վաճառքի պայմանագրով հողամասը փոխանցել է ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի կնոջը՝ Իրինա Պետրոսյանին։ 27 տարի իրավապահ համակարգում աշխատած Կառլոս Պետրոսյանը 1999-2005 թթ. զբաղեցրել է նախ՝ Ազգային անվտանգության նախարարի, ապա՝ նույնանուն ծառայության տնօրենի պաշտոնը։ Հենց այդ ժամանակահատվածում էլ «Հաղթանակ» զբոսայգու մի մասը սեփականաշնորհվել է, ապա փոխանցվել նրա ընտանիքի անդամին։

Հողամասի սեփականատեր Իրինա Պետրոսյանը այն ձեռք բերելուց 8 տարի անց վաճառել է գործարար Ռուբեն Զոլակի Գրիգորյանին։ Գրիգորյանն էլ հողամասը ներդրել է իրեն պատկանող «Ռիդ» ՍՊԸ-ի կապիտալում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ