«Եդինայա Ռոսիա»-ն խորհրդակցություններ է սկսել խմբակցության անդամ, Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի հրապարակային հայտարարությունների շուրջ։
Այս մասին «Վեդոմոստի»-ին հայտնել են կուսակցության աղբյուրները և նախագահի աշխատակազմին մոտ կանգնած զրուցակիցը։ Վերջինիս խոսքով՝ դեռ վաղ է ասել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու։
Գործողությունների քննարկված տարբերակներից է Զատուլինին Պետդումայի կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից զրկելը և Դումայի «Եդինայա Ռոսիա»-ի շարքերից հեռացնելը։
«Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավորի գործողությունները քննարկելու պատճառը կապված է Ուկրաինայում ռազմական գործողության հետ։
Հինգշաբթի օրը՝ հունիսի 1-ին, Զատուլինը, ելույթ ունենալով «Ինչպիսի՞ Ուկրաինա է մեզ պետք» խորագրով ֆորումում, ասել է, որ Ռուսաստանն այժմ գտնվում է բարդ իրավիճակում, երբ անհրաժեշտ է «փոխանցել ոչ միայն արդյունաբերությունը, այլև կյանքը երկրի վրա: «Որո՞նք էին մեր նպատակները պաշտոնապես հայտարարված ռազմական գործողության սկզբում։ Բոլորդ հիշում եք՝ ապառազմականացում, Ուկրաինայի չեզոքություն և Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների բնակիչների պաշտպանությունը, որոնք տուժել են այս ամբողջ ընթացքում։ Այս կետերից ո՞ր հարցում ենք մենք մինչ օրս արդյունքի հասել»,- նշել է նա:
Միաժամանակ Կոնստանտին Զատուլինը «Վեդոմոստի»-ին ասել է, որ խմբակցության ղեկավարությունից ոչ ոք իր հետ չի կապվել ֆորումում ունեցած ելույթների հարցով։