Սյունիքում կանցկացվի «Ոչխարների խուզման» փառատոն․ հրավիրված են բարձրաստիճան այրեր, դեսպաններ

Հունիսի 10-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում «Դը Ռանչ» ՍՊԸ-ն, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համատեղ կանցկացնի «Ոչխարների խուզման» վեցերորդ փառատոնը։

Այս տարի Փառատոնն անց է կացվում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

Փառատոնի ծրագիրն ընդգրկում է արդեն ավանդական դարձած ոչխարների՝ ձեռքով խուզման մրցույթ, «բրդից մինչև կարպետ» ստանալու գործընթացի ներկայացում, «ԼԱՎ ԷԼԻ» խմբի համերգ, «Տերյան» մշակութային կենտրոնի հայկական տարազների ցուցադրություն-դեֆիլե, տեղական համայնքների և արտադրողների մասնակցությամբ ցուցահանդես-տոնավաճառ, խաղեր և մրցույթներ, երեխաների համար նախատեսված մանկական անկյուն և այլ զվարճանքներ:

«Ոչխարների խուզման» փառատոնի նպատակն է նպաստել Սյունիքի` որպես զբոսաշրջային ուղղության խթանմանը տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում, Սյունիքում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը և զբոսաշրջության ոլորտում ներգրավված բնակչության եկամուտ վաստակելու հնարավորությունների ընդլայնմանը:

Փառատոնի պատվավոր հյուրերն են պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն:

Ամեն տարի փառատոնի շրջանակներում Սյունիքի մարզ շուրջ 4000 մարդ է այցելում, որից 30%-ը օտարերկրյա զբոսաշրջիկներ են: Փառատոնը հնարավորություն է ընձեռում այցելուներին ծանոթանալ Սյունիքի մարզի ավանդույթներին և յուրահատուկ խոհանոցին:

Այս տարի փառատոնի հյուրերին սպասում են բազմաթիվ անակնկալներ և զվարճալի միջոցառումներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ