Երեկ՝ հունիսի 3-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ 8-ամյա Սարգիս Օ․-ն, հաղորդում է Shamshyan.com-ը։
Վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել մայիսի 27-ին Արտաշատ-Գառնի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով։
Աղբյուրի տեղեկություններով՝ երեկ բժշկական կենտրոնում մահացած Սարգիս Օ․-ն VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, տեղում մահացած, Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Արտյոմ Օրդյանի որդին էր։
Հիշեցնենք՝ ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս վիրավորներից մեկը՝ Արարատի մարզի բնակիչ, 12-ամյա Ռոբերտ Ա.-ն ևս հունիսի 1-ին հիվանդանոցում մահացել էր:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Վթարի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել էր, յոթը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Մահացածն ու վիրավորներից մի քանիսը Արարատի մարզի բնակիչներ էին և մեկնում էին Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու, որը նվիրված էր զոհված ըմբշամարտիկի հիշատակին։
Հունիսի 1-ին մահացած երեխայի մոտ առկա էին գլխուղեղի, որովայնի, կրծքավանդակի սալջարդեր: Անգիտակից էր, միացված էր արհեստական շնչառության սարքին, սրտի աշխատանքը պահպանվում էր դեղորայքով, գտնվում էր երրորդ աստիճանի կոմայի մեջ:
Մյուս երեք վիրավորները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուս երկուսի վիճակը մնում է ծահրահեղ ծանր: Երեկ մահացած երեխան հենց ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղաներից մեկն էր: