Ճապոնիայի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում հիմնվել է 85 փոքր բիզնես

Գյումրու Բարեկամության այգում հունիսի 3-ին անցկացվեց քաղաքային տոնավաճառ, որին մասնակցել են Շիրակի մարզի շուրջ 85 փոքր բիզնեսի ներկայացուցիչներ։ Տոնավաճառին մասնակցել են մեղվաբուծությամբ, հրուշակագործությամբ, հացաբուլկեղենի և տրիկոտաժի արտադրությամբ, կահույքագործությամբ, թռչնաբուծությամբ և այլ ուղղություններով գործունեություն ծավալով բիզնեսի ներկայացուցիչներ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տոնավաճառը կազմակերպվել էր Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից իրականացվող «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ (Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի միջոցով)՝ Համաշխարհային բանկի համակարգման ներքո։

Տոնավաճառների շարքի մեկնարկը տրվել է մայիսի 20-ին՝ Արմավիր քաղաքում, այնուհետև մայիսի 27-ին տոնավաճառն անցկացվել է Արտաշատ քաղաքում, հունիսի 3-ին՝ այն անցկացվեց Գյումրիում, հունիսի 10-ին կանցկացվի Վանաձորում, իսկ հունիսի 13-ին՝ Հրազդանում։

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը կարևորեց նմանօրինակ ծրագրերի իրականացումը և այս ուղղությամբ գործընկեր կազմակերպությունների հետ ջանքերի համախմբումը․ «Մարդիկ, որոնք տարիներ շարունակ իրենց ապրուստի միջոցը համարել են նպաստ ստանալը, այսօր այստեղ հանդես են գալիս որպես անհատ ձեռներեցներ, որպես սեփական ձեռնարկատիրական գործունեություն ծավալած մարդիկ, որոնք այլևս այլ միջոցի վրա հույս չեն դնում, այլ բացառապես սեփական ուժերի: Շատերն այս ծրագրին չէին հավատում, մենք հավատում էինք: Ուրախ եմ, որ համատեղ աշխատանքների արդյունքում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձինք այլևս սոցիալական աջակցության շահառուներ չեն և հնարավորություն ունեն իրացնել իրենց ներուժն ու գաղափարները»,-նշեց Միրա Անտոնյանը:

Շիրակի մարզում ծրագրի շրջանակներում հիմնվել է ընդհանուր 85 փոքր բիզնես, որոնցից յուրաքանչյուրը միջինում ստացել է 4000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ