Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցում են 78 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ․ ՌԴ-ից Պուտինի փոխարեն մասնակցում է Վոլոդինը

Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցում են 78 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի աղբյուրը։

«Նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցում են 78 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում 21 պետության ղեկավար, 13 վարչապետ, խորհրդարանի և նախարարությունների ներկայացուցիչներ: Մասնակցում են նաև թյուրքական պետությունների և իսլամական համագործակցության կազմակերպությունները»,- ասել է գործակալության աղբյուրը։

Ռուսաստանը արարողությանը ներկայացնում է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նշվում է, որ Վոլոդինը «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունից է մասնակցում երդմնակալության արարողությանը»։

Հիշեցնենք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր է տվել։ Նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների անօրինական դեպորտացիայի մեջ։ Հիշեցնենք նաև, որ ՄՔԴ-ի որոշումից հետո Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները խնդրել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի համար երկիր չժամանել, այլ մասնակցել Zoom-ով։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունից երդմնակալության արարողությանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ