Պատերազմներում հաղթում է մահը և ոչ թե կյանքը

Հայաստանն ու Արցախը 30 տարի արնաքամ էին լինում՝ Ադրբեջանի հակահայ քաղաքականության հետևանքով սկսված պատերազմում։ Մեզ պարտադրված պատերազմն ավելի քան 10 հազար կյանք է խլել։ Ավելի քան 30 տարիների ընթացքում մի ամբողջ սերունդ ապրում էր պատերազմ կոչվող դժոխքում։

Արցախյան պատերազմի առաջին ակտիվ փուլն ավարտվեց 1994 թվականի հրադադարով։ Սակայն, իրականում պատերազմն, այսպես ասած, ավարտվել էր թիկունքում, իսկ առաջնագծում այն շարունկվում էր, շարունակվում էր տարբեր ինտենսիվությամբ։ Հրադադարին հաջորդած տարիներին, որոնք ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցները համարում են խաղաղության շրջան, Հայաստանն ու Արցախը տարեկան 50-ից մինչև 100 և ավելի զոհ էին ունենում առաջնագծում։ Գուցե այդ տարիները խաղաղության շրջան էին նրանց համար, ովքեր թիկունքում էին, ովքեր վայելում էին իշխանության հարուստ և հյութեղ պտուղները, բայց այդ շրջանը խաղաղության շրջան չէր նրանց համար, ովքեր բանակում որդի, ամուսին, կամ ծնող էին կորցնում։

Պատերազմը խաթարում է անհատի, ընտանիքի և հասարակության կյանքը բոլոր ոլորտներում՝ մասնատելով մի ամբողջ ժողովուրդ ու երկիր:Պատերազմը տակնուվրա է անում կյանքի բնականոն ընթացքը, վտանգում է մարդու՝ սեփական անձի մասին մտածելու կարողությունը և խանգարում է նրան գտնել իր տեղն ու դերն այս կյանքում։

Պատերազմը, ընդհանրապես, խոչընդոտ է հանդիսանում ապագայի հետ կապված բոլոր հարցերում, հասարակությանը պաշարում է անորոշությունն ու վախը։ Եվ, վերջապես, պատերազմը կիսում է կյանքը, բաժանում 2 մասի՝ նախապատերազմյան և հետապատերազմյան, որտեղ ոչինչ այլևս նույնը չէ, ինչպես նախկինում:

30 տարվա պատերազմն այսօր էլ չի ավարտվել։ 2020 թվականը բեկումնային եղավ տասնամյակներ շարունակվող հայ-ադրբեջանական հակամարտությանում, սակայն 44-օրյա աղետը նույնպես վերջակետ չդրեց կրակոցներին և ագրեսիային։

Ընդհանրապես, հանրությունը պետք է ինքը որոշի՝ ցանկանում է շարունակել կյանքեր զոհաբերել պաթոսախառն քաղաքականությանը, թե ցանկանում է գնալ հակամարտությանը վերջ տալու ճանապարհով։ Այդ ճանապարհը՝ գուցե ցավոտ լինի և չբավարարի հանրության հայրենասիրական բոլոր պահանջները, սակայն, այդ ճանապարհը վերջ կդնի երկրի, ժողովրդի արնահոսությանը, երիտասարդ կյանքերի զոհաբերմանը։ Պատերազմում հաղթում է մահը և ոչ թե կյանքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ